Հոդված 6
Հոդված 6.
Կառուցապատողի իրավունքները և պարտականությունները
Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը (այսուհետ` օգտագործող) քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող:
Քաղաքաշինական գործունեության օբյեկտի սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը կարող է օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության: Սեփականատերն ապահովում է քաղաքաշինական օբյեկտի շահագործման որակական վիճակը նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Կառուցապատողներն իրավունք ունեն`
ա) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրել քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաստաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիսի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք սույն օրենքի 23 հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները:
Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա.
բ) մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.
դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից.
ե) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.
զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Նախագծային փաստաթղթերը մշակողը կարող է դրանք ներկայացնել համապատասխան լիցենզիա ունեցող անձի փորձաքննությանը, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
Օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, կառուցապատողի և քաղաքաշինական փաստաթղթեր մշակողի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ.
է) ապահովել քաղաքաշինական նախագծային փաստաթղթերի շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցումը` սույն օրենքով սահմանված կարգով.
ը) պահպանել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական օբյեկտի նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հսկողությունը` օրենքով սահմանված կարգով, եթե նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակի մասնակցության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
թ) ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` օրենքով սահմանված կարգով.
ժ) կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն սույն օրենքի 23 հոդվածի:
(6-րդ հոդվածը խմբ. 11.12.02 ՀՕ-494-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-7-Ն)