Հոդված 12. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը
Հոդված 12. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը կամ տարիքը.
2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
4) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
6) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
7) նա մահացել է:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի պաշտոնում նշանակումը խոչընդոտող հիվանդություն․
2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է հանձնաժողովի անդամի պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները.
5) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:
3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:
4. Հանձնաժողովի նախագահը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
5. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:
6. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է հանձնաժողովի անդամ:
7. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը կամ տարիքը լրանալուց ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ այլ հիմքով հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները: