Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-05-26-ից մինչև 2008-01-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

գործել է մինչև 2008-01-17Բացել ARLIS-ում

Հոդված 7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական և մեկը` տնտեսագիտական կրթություն:

2. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` տարեկան ռոտացիոն սկզբունքով (յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ), հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքերի: Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ:

3. Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն, կառավարման ոլորտում աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների կատարումը:

Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

4. Հանձնաժողովի անդամ չեն կարող նշանակվել`

ա) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահը վաղաժամկետ դադարեցնում է հանձնաժողովի անդամի լիազորությունները`

ա) սույն հոդվածի 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված դեպքերում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի դեպքում.

գ) եթե վերջինս դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով` դիտավորյալ հանցագործության, ինչպես նաև այն անզգույշ հանցագործության համար, որի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում.

դ) պաշտոնավարման առավելագույն տարիքը լրացնելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է վաղաժամկետ դադարեցնել հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե վերջինս`

ա) թերացել է իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս, որի կապակցությամբ առկա է հանձնաժողովի համապատասխան որոշումը.

բ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

գ) խախտել է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջները:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ` սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Նման դեպքում, եթե մնացած պաշտոնավարման ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Հանձնաժողովի անդամը կարող է զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ` դիմելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության վարչապետին: Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի հրաժարականն ընդունում է մեկ ամսվա ընթացքում:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-89-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։