Հոդված 46. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը
Հոդված 46. Պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու կարգը
1. Պարտապանի մոտ հայտնաբերված դրամով կանխիկ դրամական միջոցները հարկադիր կատարողն առգրավում է և ոչ ուշ, քան այն առգրավելու հաջորդ օրը, հանձնում է բանկ` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
2. Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:
3. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
4. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հարկադիր կատարողի որոշումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում դրանք փոխանցում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի դեպոզիտ հաշվին:
5. (մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-18-Ն)
(46-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն, լրաց. 29.09.14 ՀՕ-145-Ն)