Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը
Հոդված 1. Սույն օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:
Սույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:
Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին գլխին համապատասխան, սահմանում է նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթի (այսուհետ՝ կատարողական մակագրության թերթ) կատարման պայմանները և կարգը: Կատարողական մակագրության թերթի կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 30-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 41-րդ, 42-րդ հոդվածներն այնքանով, որքանով այդ նորմերն իրենց էությամբ կիրառելի են նոտարի տված կատարողական մակագրության թերթի նկատմամբ:
Սույն օրենքը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին համապատասխան, սահմանում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի և արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:
Սույն օրենքը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի և արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:
(1-ին հոդվածը լրաց. 04.02.04 ՀՕ-32-Ն, փոփ. 16.12.05 ՀՕ-18-Ն, 25.12.06 ՀՕ-69-Ն, լրաց. 17.06.08 ՀՕ-133-Ն, 05.12.13 ՀՕ-142-Ն, 19.10.16 ՀՕ-182-Ն, 03.03.21 ՀՕ-99-Ն, 18.11.21 ՀՕ-369-Ն)