Հոդված 17. Շահագրգիռ անձանց ծանուցելու կարգը
Հոդված 17. Շահագրգիռ անձանց ծանուցելու կարգը
1. Իրավասու մարմինը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված կարգով ծանուցել ուսումնասիրության նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձանց: Սույն հոդվածով նախատեսված կարգով չծանուցված շահագրգիռ անձինք կարող են մինչև առաջին ատյանի դատարանում գործի հարուցումն օգտվել իրենց իրավունքներից՝ սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում՝ սկսած այն պահից, երբ իմացել են կամ կարող էին իմանալ ուսումնասիրության առկայության մասին։
2. Շահագրգիռ անձինք ծանուցվում են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Ծանուցումները պետք է պարունակեն տվյալներ հրավիրող մարմնի և հասցեատիրոջ վերաբերյալ, այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իրավասու մարմնին հիմք են տալիս ենթադրելու, որ ուսումնասիրված գույքի բռնագանձումը կարող է ազդել հրավիրվող անձի իրավունքների կամ պարտականությունների վրա, գործի նյութերին ծանոթանալու, հայտարարագիր, դիրքորոշում ներկայացնելու իրավունքի և դրա իրացման եղանակների և ժամկետների վերաբերյալ։
3. Պատվիրված նամակն իրավասու մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված կանոնների կիրառմամբ։
4. Անհրաժեշտ տվյալների առկայության դեպքում իրավասու մարմինը շահագրգիռ անձանց ծանուցում է նաև էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածով նախատեսված կանոնների կիրառմամբ։
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված միջոցների ձեռնարկմանը զուգահեռ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության և դրա շրջանակներում ներառված գույքի վերաբերյալ տվյալներ՝ հրավիրելով շահագրգիռ անձանց ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը։
6. Շահագրգիռ անձինք համարվում են ծանուցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առկայության մասին սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված կարգով ուղարկված ծանուցագիրն ստանալու պահից, իսկ ստացման մասին տվյալների բացակայության դեպքում՝ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված հայտարարության տեղադրման պահից՝ մեկ ամիս հետո։
(17-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-270-Ն, խմբ. 04.12.25 ՀՕ-426-Ն)
(09.06.22 ՀՕ-270-Ն օրենքն ունի անցումային դրույթ)