Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված և ստեղծվող հիմնադրամների վրա:
3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով:
4. Ավանդների երաշխավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի վրա, եթե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:
5. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակի, ստեղծման, կանոնադրության, կառավարման մարմինների, նրանց իրավասությունների, պատասխանատվության, արժեթղթավորման հիմնադրամի լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1-ին հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-144-Ն, 26.05.08 ՀՕ-100-Ն)