Հոդված 4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը և ազատումը
Հոդված 4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը և ազատումը
1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:
3. Վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:
7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:
8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
9. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալները պաշտոնի են նշանակվում և ազատվում սույն հոդվածով սահմանված կարգով` լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա:
10. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են՝
1) լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված` լիազորված մարմնի ղեկավարի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը.
2) լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
(4.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-268-Ն)