Հոդված 4.2. Քննչական մարմինը
Հոդված 4.2. Քննչական մարմինը
(հոդվածն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-156-Ն)
(09.06.22 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀՈԴՎԱԾ 5. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային անվտանգության մարմինների գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, այդ թվում` լիազորված մարմնի` իր իրավասության սահմաններում ընդունած ենթաօրենսդրական նորմատիվ ակտերից:
(5-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-268-Ն)
ՀՈԴՎԱԾ 6. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու հասարակական միավորումների գործունեությունից անկախության, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
ՀՈԴՎԱԾ 7. ՄԱՐԴՈՒ և ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերի:
Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները:
Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ և տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:
Պետական մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցում:
Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 8. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային անվտանգության մարմինների գործունեության վերաբերյալ պետական գաղտնիքին առնչվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման համար:
Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից հետախուզական, հակահետախուզական ու օպերատիվ-հետախուզական գործունեության գործելակերպի, մեթոդների և միջոցների մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման լիազորված մարմնի արխիվում:
Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(8-րդ հոդվածը խմբ. 24.11.22 ՀՕ-449-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-50-Ն)
(24.11.22 ՀՕ-449-Ն օրենքն ունի անցումային դրույթ)