Հոդված 23. Պետական բյուջեի կատարումը
Հոդված 23. Պետական բյուջեի կատարումը
1. Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա:
2. Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):
3. Ազգային ժողովի հաստատած պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի խմբակցությունների, կառավարության առաջարկությամբ` օրենսդրական նախաձեռնության կարգով: Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի մուտքերը կամ ավելացնում ելքերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):
Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):
4. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և հաստատում սույն օրենքի 41.2-րդ հոդվածում նշված տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:
4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման:
5. Պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է:
6. Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն (նաև էլեկտրոնային տարբերակով)` սույն օրենքով սահմանված բյուջետային դասակարգման և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան:
7. Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը` դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին` ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների կառավարության սահմանած համամասնություններով:
8. Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների:
9. Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով:
(23-րդ հոդվածը խմբ. 14.04.98 ՀՕ-211, խմբ., փոփ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, լրաց. 20.05.05 ՀՕ-102-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, 25.03.15 ՀՕ-19-Ն, 16.12.16 ՀՕ-13-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն)
(23-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի դրույթները իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը)