Հոդված 41.3. Ծրագրերի միջոցառումները
Հոդված 41.3. Ծրագրերի միջոցառումները
1. Ծրագրերի միջոցառումներն ըստ դրանցով նախատեսվող գործողությունների պատկանելության տարբերակվում են ընթացիկ, կապիտալ, հանրային սեփականության կառավարման և ֆինանսական ակտիվների կառավարման քաղաքականությունների:
2. Ընթացիկ միջոցառումներն են`
ա) պետական մարմնի կողմից ապրանքների տրամադրումը և ծառայությունների մատուցումը.
բ) կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց տրանսֆերտների տրամադրումը.
գ) պետական պարտքի սպասարկման (տոկոսավճարների) գծով ծախսերի կատարումը:
3. Կապիտալ միջոցառումներն են հանրության կողմից օգտագործման նպատակով այնպիսի կապիտալ (ոչ ֆինանսական) ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն), որոնք չեն հանդիսանում պետական հիմնարկի կողմից կամ իր անունից անմիջականորեն մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվներ:
4. Հանրային սեփականության կառավարման միջոցառումներն են պետական հիմնարկի կամ պետական սեփականություն հանդիսացող այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվների հետ գործառնությունները (ձեռք բերում, կառուցում, հիմնանորոգում և այլն):
5. Ֆինանսական ակտիվների կառավարման և պետական պարտքի մարման միջոցառումներն են`
ա) ֆինանսական ակտիվների ձեռք բերումը, այդ թվում` պետության կողմից կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց վարկերի տրամադրումը, ինչպես նաև կազմակերպությունների բաժնետոմսերի կամ կապիտալում այլ մասնակցության ձեռք բերումը.
բ) պետական պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը տրամադրված վարկերի, ինչպես նաև պետության կողմից թողարկված մուրհակների մարումը և արժեթղթերի հետգնումը: