Հոդված 11. Բյուջետային երաշխիքները
Հոդված 11. Բյուջետային երաշխիքները
1. Բյուջետային երաշխիքը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխիք ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Ներքին բյուջետային երաշխիքները Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին կառավարության տրամադրած բյուջետային երաշխիքներն են:
3. Արտաքին բյուջետային երաշխիքները ոչ ռեզիդենտներին կառավարության տրամադրած բյուջետային երաշխիքներն են:
4. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և արտացոլվում առանձին տողով:
5. Բյուջետային երաշխիքները տրամադրվում են կառավարության որոշման հիման վրա: Բյուջետային երաշխիքը կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական լիազորված մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխիքի մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:
6. Բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը՝ սույն օրենքին համապատասխան:
7. Համայնքները չեն կարող տրամադրել բյուջետային երաշխիքներ:
8. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի մասնավորապես ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը և ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաև վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը և ծախսերը հիմնավորող հաշվարկները:
9. Բյուջետային երաշխիքի գումարը երաշխիքի տրամադրման համար դիմելու պահին չպետք է գերազանցի այն իրավաբանական անձի ակտիվների 20 տոկոսը, որի համար բյուջետային երաշխիքը տրամադրվում է: Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե՝
1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցներն օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.
2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար՝ վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում:
10. Այն անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի մեկ տոկոսի չափով: Բյուջետային երաշխիքների տրամադրման դիմաց, բացի միջնորդավճարից, պետական բյուջեի օգտին կարող են գանձվել այլ վճարներ:
11. Պետական լիազորված մարմինն իրավասու է մինչև երաշխավորված պարտքային պարտավորությունը մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:
12. Կառավարության տրամադրած բյուջետային երաշխիքների հետ կապված հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ պետական լիազորված մարմինը յուրաքանչյուր տարի պատրաստում է վերլուծություն, որտեղ նկարագրվում է տրամադրված բյուջետային երաշխիքների կառուցվածքը և գնահատվում են դրանից ածանցվող ռիսկերը: Հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ վերլուծությունը ներառվում է պետական բյուջեի ուղերձում:
13. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-45-Ն, խմբ. 17.12.25 ՀՕ-485-Ն)