Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-08-ից մինչև 2026-01-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 25. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

գործել է մինչև 2026-01-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

1. Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը:

2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է`

ա) տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա.

բ) պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ.

գ) տեղեկություններ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով.

դ) տեղեկություններ կառավարության պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությամբ ամրագրված ուղենշային ցուցանիշների և փոխառությունների տարեկան ծրագրի կատարողականի վերաբերյալ.

դ1) (կետն ուժը կորցրել է 14.07.19 թվականին սույն օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն)

դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ.

դ3) տեղեկություններ բյուջետային երաշխիքների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների հանրագումարը, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում ստանձնած բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունները: Սույն կետի իմաստով բյուջետային երաշխիքներից բխող նոր պարտավորությունների ստանձնում են համարվում նաև գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են բյուջետային երաշխիքներից բխող պարտավորությունների աճի.

դ4) տեղեկություններ պետության՝ համաձայն «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի և դրա հիման վրա ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (ՀՀՀՀՍ)» իմաստով ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա ընթացքում ստանձնած այդպիսի համաձայնություններից բխող նոր պարտավորությունները: Սույն կետի իմաստով կոնցեսիոն համաձայնություններից բխող նոր պարտավորությունների ստանձնում են համարվում նաև գործող պարտավորությունների այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են կոնցեսիոն համաձայնություններից բխող պարտավորությունների աճի.

դ5) տեղեկություններ պայմանագրային պայմանական պարտավորությունների մասին, այդ թվում՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ պետության պայմանագրային պայմանական պարտավորությունների հանրագումարը.

ե) այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

3. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:

4. Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բաղկացած է հետևյալ մասերից՝

1) պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք.

2) հայտնաբերված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների, ինչպես նաև առաջարկությունների վերաբերյալ տեղեկատվություն:

5. Ազգային ժողովի նիստում պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը քննարկվում և հաստատվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով` մինչև ընթացիկ տարվա հունիսի երկրորդ չորեքշաբթին:

(25-րդ հոդվածը լրաց., փոփ. 14.04.98 ՀՕ-211, փոփ. 25.12.06 ՀՕ-9-Ն, լրաց. 30.04.09 ՀՕ-115-Ն, 30.04.13 ՀՕ-45-Ն, 14.12.17 ՀՕ-304-Ն, խմբ. 16.01.18 ՀՕ-60-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-40-Ն, 01.03.23 ՀՕ-56-Ն, խմբ., լրաց. 17.12.25 ՀՕ-485-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։