Հոդված 34. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողությունը
Հոդված 34. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողությունը
1. Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային ժողովը և պետական վերահսկողական ծառայությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
2. Համայնքի ավագանին համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է իր անդամի (անդամների) և (կամ) աուդիտորական մասնագիտացված կազմակերպության միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
2.1. (մասն ուժը կորցրել է 29.05.25 ՀՕ-188-Ն)
3. Համայնքների բյուջեների կատարման վերահսկողության հիմնական խնդիրներն են`
ա) բյուջետային մուտքերի կանխատեսումների և բյուջետային ելքերի նախահաշիվները կազմելու հիմնավորվածության ստուգումը,
բ) բյուջետային միջոցների, ներառյալ` վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների ծախսման օրինականության ստուգումը,
գ) բյուջետային պարտավորությունների կատարման, հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման, հաշվապահական հաշվառման և հաշվետվության վիճակի գնահատումը,
դ) բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողության սահմանումը,
ե) բյուջետային գործընթացի նկատմամբ օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ապահովումը:
4. Համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձինք համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնող անձանց պարտականությունների կատարումը խոչընդոտելու, կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
(34-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 29.05.25 ՀՕ-188-Ն)
(29.05.25 ՀՕ-188-Ն օրենքն ունի անցումային դրույթ)