Հոդված 21. Պետական բյուջեի նախագծի կազմումը
Հոդված 21. Պետական բյուջեի նախագծի կազմումը
1. Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված ժամկետներում:
2. Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 31 հոդվածին համապատասխան, խորհրդակցում է կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ:
3. Պետական բյուջեի նախագիծը կազմելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում բյուջեները կազմելու համար անհրաժեշտ հաշվարկների կատարման մեթոդական ցուցումները, բյուջետային ֆինանսավորման հայտերի, բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի ձևերը և ներկայացման կարգը:
4. Պետական կառավարման մարմիններն իրենց և համակարգի բյուջետային ֆինանսավորման հայտերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 20-ը:
Բյուջետային ֆինանսավորման հայտին կցվում է նախատեսվող ծախսերի նախահաշիվը` համապատասխան հիմնավորումներով:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հաշվարկում և մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը:
6. Բյուջետային հիմնարկի ֆինանսավորման հայտը ստորագրում է ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բյուջետային հատկացումների նպատակային օգտագործման համար:
7. Սույն օրենքով սահմանված ժամկետներում բյուջետային ֆինանսավորման հայտերի չներկայացման դեպքում դրանք կազմում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
8. Կապիտալ ծախսերը հաշվարկվում են նպատակային ծրագրերի հիման վրա: Այդ ծրագրերի իրականացման ժամկետը բյուջետային տարվան գերազանցելու դեպքում առանձնացվում են տվյալ ծրագրերի` ըստ տարիների ֆինանսավորման չափերը: Նման ծրագրերով ֆինանսավորվող ծախսերը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար ճշգրտում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և առանձին տողով ներկայացնում համապատասխան տարվա պետական բյուջեում:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ը հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն:
Արձանագրության մեջ նշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված ծախսերը մասնակի կամ ամբողջությամբ ֆինանսավորելու համաձայնություն տալու կամ հայտն ամբողջությամբ մերժելու մասին տեղեկությունը: Հայտով ներկայացված ծախսերի ֆինանսավորումը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու դեպքում նշվում են դրա պատճառները:
Արձանագրությունները ստորագրում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, նրա կողմից լիազորված նախարարի տեղակալը: Դրանք հայտատուներին ուղարկվում են մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ը:
10. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտերի համապատասխան օրինակները ներկայացվում են նաև Ազգային ժողով:
11. Բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու հայտատուների միջև տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան:
12. Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն:
13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը` ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը» առանձին հոդվածը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն վաթսուն օր առաջ:
14. Պետական բյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով:
(21-րդ հոդվածը փոփ. 26.12.97 ՀՕ-178, լրաց. 14.04.98 ՀՕ-211)