Հոդված 35. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները
Հոդված 35. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունները
1. Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն և համապատասխան մարզպետին: Համայնքի ղեկավարը սույն մասում նշված հաղորդումը մարզպետին ներկայացնում է պետական լիազորված մարմնի սահմանած ձևով:
2. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
3. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու նիստում քննարկվում և հաստատվում է աուդիտորական մասնագիտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ` մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:
4. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ավագանին, օրենքով սահմանված կարգով, կարող է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն ներկայացնել: Եթե համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկություն չի ներկայացվում, կամ կառավարությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին առաջարկությունն օրենքով սահմանված կարգով ստանալուց հետո` մեկամսյա ընթացքում, նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին որոշում ընդունվելու դեպքում համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, վայր է դնում իր լիազորությունները, իսկ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համարվում է հաստատված:
5. Համայնքի ավագանու նիստում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կանոնակարգով:
6. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման վերաբերյալ ավագանին ընդունում է համապատասխան որոշում:
7. Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կազմվում է սույն օրենքի պահանջներին համապատասխան պետական լիազորված մարմնի կողմից սահմանված ձևով և ներառում է`
ա) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև,
բ) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին` համապատասխան հիմնավորումներով,
գ) տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ,
դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:
8. Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից հաստատելուց հետո` երեք օրվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան մարզպետին:
(35-րդ հոդվածը խմբ. 14.04.98 ՀՕ-211, լրաց., խմբ., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-21-Ն)