Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 15-Ն

ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց` ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` հաստատել`

ա) գյուղատնտեսական տարբեր տեսակի կենդանիների բոնիտավորման և նրանց` ըստ սերնդի որակի գնահատման հրահանգները.

բ) անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյանների ձևերը.

գ) կենդանիների տոհմային քարտերի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունվարի 12-ի N 15-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով հաստատվում են տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց` ըստ սերնդի որակի գնահատման պայմանները` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

2. Սույն կարգի հիմնական նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տոհմային կենդանիների (այսուհետ` կենդանիներ) բոնիտավորման, նրանց` ըստ սերնդի որակի գնահատման և հետազոտման գործընթացների կանոնակարգումը.

բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական ներուժն ի հայտ բերելը և այն Հայաստանի Հանրապետությունում բուծվող կենդանիների գենոֆոնդի պահպանման ու տոհմամթերատու հատկությունների կատարելագործման համար օգտագործելը.

գ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող ցեղերի բարձրարժեք կենդանիների տվյալների հավաքագրման ապահովումը և պետական տոհմային գրքերում դրանց գրանցումը.

դ) կենդանիների մթերատվության բարձրացման, նորոգման, մատղաշի աճեցման, տոհմային գործի զարգացման և հոտերի, նախիրների, գծերի, տիպերի ու ցեղերի կատարելագործման նպատակով բոնիտավորման արդյունքների հիման վրա տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը նպաստելը.

ե) հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների գնահատման և դասակարգման համար բոնիտավորման իրականացումը:

II. ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՈՆԻՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ` ԸՍՏ ՍԵՐՆԴԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3. Տոհմային կենդանիների բոնիտավորումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից` յուրաքանչյուր տարի, և արդյունքներն ըստ կենդանատեսակների տրամադրվում են լիազորված մարմնին:

4. Տոհմային են համարվում այն կենդանիները, որոնք ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վավերացված փաստաթղթերով առնվազն 4 շարք նախնիների մասին ունեն տվյալներ և օգտագործվում են հոտի, նախիրի վերարտադրության համար:

5. Տավարաբուծությունում տոհմային են համարվում կենդանիների հետևյալ սեռահասակային խմբերը՝

ա) էգ մատղաշն ու տոհմային ցլիկները` 6 ամսական և բարձր տարիքի,

բ) էգ մոզիները՝ սերմնավորման հասակի` 16-18 ամսական,

գ) երինջները՝ հղիությունը ճշտված կենդանիները,

դ) կովերը և արտադրող ցուլերը, որոնք օգտագործվում են նախիրի վերարտադրության համար:

6. Խոզաբուծությունում տոհմային են համարվում հետևյալ սեռահասակային խմբերը՝

ա) արու և էգ մատղաշը՝ հոտի վերարտադրության համար նախատեսված մինչև առաջին զուգավորման հասակը,

բ) ստուգվող վարազիկները՝ առաջին զուգավորումից մինչև դրանցից ստացված սերնդի 2 ամսական հասակի բնի զանգվածի գնահատված արու կենդանիները, որոնք փոխադրվում են հիմնական հոտ կամ խոտանվում են,

գ) արու և էգ տոհմային կենդանիները` 6 ամսական և բարձր տարիքի,

դ) հիմնական վարազները և մերունները՝ հոտի վերարտադրության համար նախատեսված տոհմային լիատարիք կենդանիները:

7. Ոչխարաբուծությունում տոհմային են համարվում կենդանիների հետևյալ սեռահասակային խմբերը՝

ա) շիշակները և խոյիկները՝ հոտի համալրման համար աճեցվող կենդանիները,

բ) խոյերը և մաքիները՝ հիմնական հոտի վերարտադրության համար օգտագործվող կենդանիները,

գ) փորձախոյերը՝ ցանկության մեջ գտնվող մաքիների և շիշակների հայտնաբերման նպատակով օգտագործվող կենդանիները:

8. Տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաև նրանց` ըստ սերնդի որակի գնահատման համար հիմք են հանդիսանում լիազորված մարմնի կողմից հաստատված ձևերի անասնաբուծական և տոհմային հաշվառման հետևյալ գրանցամատյաններում, ինչպես նաև տոհմային քարտերում գրանցված տվյալները`

ա) գյուղատնտեսական կենդանիների զուգավորման և սերմնավորման գրանցամատյանը,

բ) գյուղատնտեսական կենդանիների մթերատվության հաշվառման գրանցամատյանը,

գ) գյուղատնտեսական կենդանիների մատղաշի մուտքագրման և աճեցման գրանցամատյանը,

դ) տոհմային հաշվառման գրանցամատյանը,

ե) գյուղատնտեսական կենդանիների տոհմային քարտերը:

9. Ըստ սերնդի որակի` գնահատվում են հոտի, նախիրի վերարտադրության համար օգտագործվող և սերունդ ունեցող կենդանիները:

10. Ըստ սերնդի որակի` տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է լիազորված մարմնի կողմից հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման և ըստ սերնդի որակի գնահատման հրահանգներին համապատասխան:

11. Ըստ սերնդի որակի` տոհմային կենդանիների գնահատումն իրականացվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

III. ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

12. Տոհմային կենդանիների հետազոտումը և գնահատումը կատարվում է, ըստ համակազմվածքի և արտակազմվածքի (այսուհետ` գնահատում), յուրաքանչյուր կենդանատեսակի համար առանձին` հաշվի առնելով մթերատվության ցուցանիշները:

13. Եթե կենդանին գնահատված չէ մատղաշ հասակում, ապա այն հետազոտվում և գնահատվում է տվյալ տարվա ընթացքում անցկացվող հերթական հետազոտման ժամանակ:

14. Կենդանիների հետազոտումը և գնահատումը կատարվում է ըստ կենդանու տեսակի և ցեղի:

15. Կենդանու դասայնությունը որոշվում է բոնիտավորման իրականացման ընթացքում:

16. Բոնիտավորման ժամանակ տոհմային կենդանիների դասայնության որոշման գործընթացն իրականացվում է լիազորված մարմնի կողմից հաստատված տոհմային կենդանիների բոնիտավորման և ըստ սերնդի որակի գնահատման հրահանգներին համապատասխան:

17. Բոնիտավորման արդյունքների հիման վրա արժեքավոր կենդանիների տվյալները գրանցվում են պետական տոհմային գրքերում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։