Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-11-09-ից մինչև 2014-06-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 14. Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում

գործել է մինչև 2014-06-21Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում

1. Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բակալավրի կրթական ծրագրում իրականացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:

Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:

Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն: Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:

Սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 5 տարի ժամկետով գործուղվում է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության նախատեսած բնակավայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը պարտավոր է փոխհատուցել իր ուսման ծախսերը: Փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.1. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատություն ընդունված անձի հետ կնքվում է պայմանագիր` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

5. Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ բակալավրի կրթական ծրագրի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:

6. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-163-Ն, լրաց. 02.10.07 ՀՕ-209-Ն, խմբ., լրաց. 28.10.10 ՀՕ-154-Ն, լրաց. 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-38-Ն, լրաց. 30.09.13 ՀՕ-100-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։