Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները
Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները
1. Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Վարչական ակտն ընդունելուց հետո` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
3. (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-179-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-302-Ն)
5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել վերադասության կարգով գանգատ ներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական մարմին դիմում ներկայացնելու միջոցով, իսկ վարչական մարմնի կողմից դիմումը չբավարարելու դեպքում` նաև դատական կարգով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն դիմումը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա դիմումին պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:
6.1. Եթե վարչական մարմինն ապացուցված է համարում խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը, ապա վարչական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ խախտում կատարած անձի նկատմամբ կայացվում է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմում ներկայացվելու կամ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը դատական կարգով հաստատվելու դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը հաստատվելու օրվանից:
(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.15 ՀՕ-179-Ն, 09.12.19 ՀՕ-302-Ն)