Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0027 Ն. 09.02.2026

9 փետրվարի 2026 թվականի թիվ 27-Ն

ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) հետապնդվող նպատակների ու ամրագրված քաղաքականության շարունակական և արդյունավետ իրագործումը, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով անկանխիկ վճարումների հասանելիության և վճարային ծառայություններից օգտվող անձանց ներառականության ու գոհունակության մակարդակի բարձրացման համար,

վերլուծելով Օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում ձևավորված սակագներն ու ծառայությունների մատուցման պայմանները,

հաշվի առնելով, որ փոքր տնտեսվարող սուբյեկտները (մանրածախ առևտրում ներգրավված) կարող են չունենալ բավարար կարողություն և իրական հնարավորություն բանկերի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց մատչելի միջնորդավճարներով սպասարկվելու համար,

ընդունելով, որ Օրենքով ներդրված քաղաքականությունը նպաստել է ֆինանսական համակարգում միջնորդության ծավալների էական բարձրացմանը, ինչով պայմանավորված հնարավորություն է առաջացել որոշ թիրախային խմբերի սպասարկումն իրականացնել առավել նպաստավոր սակագներով՝ միաժամանակ ապահովելով բանկերի համար ողջամիտ եկամտաբերության մակարդակ,

առաջնորդվելով փոքր տնտեսվարող սուբյեկտների համար վճարային ենթակառուցվածքների ծառայությունների սակագների հնարավոր անհամաչափ բեռը նվազեցնելու հանրային շահով,

հիմք ընդունելով «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է .

1. Սահմանել, որ սույն որոշման հավելված 1-ի աղյուսակ 1-ով սահմանված Արքա վճարային համակարգի կանոնների համաձայն վաճառակետի տեսակի կոդ (Merchant category code) ունեցող անձանց ցանկում ընդգրկված (Հայաստանի Հանրապետությունում գրանցված) և սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը նախորդող օրացուցային տարվա համար մինչև 150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող (համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 50-րդ կետով սահմանված նշանակության) անձանց համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար սահմանվող բոլոր միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը (այդ թվում՝ հաստատուն կամ պարբերական բնույթ կրող այլ վճարները) չեն կարող գերազանցել.

1) «Արմենիան Քարդ» փակ բաժնետիրական ընկերության վճարումների համակարգին պատկանող և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված քարտերով իրականացվող յուրաքանչյուր գործարքի դեպքում՝ գործարքի գումարի 0,5% սահմանաչափը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված և ֆիզիկական ՊՈՍ տերմինալների միջոցով կատարված գործարքների շրջանառության ծավալով ամենամեծ երկու միջազգային քարտային վճարումների համակարգին պատկանող քարտերով կատարվող յուրաքանչյուր գործարքի դեպքում՝ գործարքի գումարի 0,9% սահմանաչափը:

2. Սահմանել, որ այն դեպքում, երբ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի տրամադրած ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը, ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար սահմանվող բոլոր միջնորդավճարների առավելագույն չափերը (այդ թվում՝ հաստատուն կամ պարբերական բնույթ կրող այլ վճարները) չեն կարող գերազանցել ամսական՝

1) Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում սպասարկման համար՝ 4,600 (չորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամը,

2) Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքներում սպասարկման համար՝ 3,000 (երեք հազար) ՀՀ դրամը,

3) Հայաստանի Հանրապետության գյուղերում սպասարկման համար 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով տրված նկարագրությանը համապատասխանող անձանց ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով անկանխիկ եղանակով իրականացվող քարտային վճարումների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին վճարվող միջնորդավճարների (միջբանկային պարգևավճարների) առավելագույն չափը չի կարող գերազանցել 0,2% սահմանաչափը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բանկերը յուրաքանչյուր տարվա համար, մինչև տվյալ տարվան հաջորդող փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացնում սույն որոշման հավելված 2-ով սահմանված հաշվետվությունը: Սույն կետով սահմանված հաշվետվությունը լրացվում և ներկայացվում է սույն որոշման հավելված 3-ով սահմանված կարգով:

5. Սույն որոշման 1-ին կետով սահմանված չափանիշներին համապատասխանող անձանց տվյալները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տարեկան մեկ անգամ՝ մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը, տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին՝ յուրաքանչյուրին իր հաճախորդների մասով:

6. Սույն որոշմամբ սահմանված առավելագույն միջնորդավճարները կիրառվում են յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև հաջորդող տարվա փետրվարի վերջին օրացուցային օրը:

7. Սույն որոշման 6-րդ կետում նշված ժամանակահատվածում նոր ստեղծվող և սույն որոշման հավելված 1-ի աղյուսակ 1-ով նկարագրված վաճառակետի տեսակի կոդ ունեցող անձանց ցանկում ընդգրկված սուբյեկտների նկատմամբ տարածվում են սույն որոշմամբ սահմանված միջնորդավճարների և միջբանկային պարգևավճարների առավելագույն սահմանաչափերը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան

Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի փետրվարի 9-ի

թիվ 27-Ն որոշման

ՑԱՆԿ

ՎԱՃԱՌԱԿԵՏԻ ՏԵՍԱԿԻ ԿՈԴ (MERCHANT CATEGORY CODE) ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

Աղյուսակ 1

ՎԱՃԱՌԱԿԵՏԻ ՏԵՍԱԿԻ ԿՈԴ (MCC) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

4812 Հեռահաղորդակցության սարքավորումներ և հեռախոսների վաճառք

5013 Ավտոմեքենաների պահեստամասեր և պարագաներ

5021 Գրասենյակային և կոմերցիոն կահույք

5039 Շինարարական նյութեր (այլ դասակարգում չներառված)

5045 Համակարգիչներ, ծայրամասային սարքեր և ծրագրային ապահովում

5065 էլեկտրական մասեր և սարքավորումներ

5072 Գործիքներ և տեխնիկական պարագաներ

5074 Սանտեխնիկայի և ջեռուցման սարքավորումներ

5085 Արդյունաբերական պարագաներ (այլ դասակարգում չներառված)

5099 Երկարակյաց ապրանքներ (այլ դասակարգում չներառված)

5111 Գրենական և գրասենյակային պարագաներ, տպագրություն

5122 Դեղեր, դեղագործական ապրանքներ և հարակից նյութեր

5131 Մետրով վաճառվող գործվածքներ և տեքստիլ

5137 Տղամարդկանց, կանանց և երեխաների համազգեստներ

5139 Աշխատանքային հագուստ

5169 Քիմիական և հարակից ապրանքներ (այլ դասակարգում չներառված)

5192 Գրքեր, պարբերականներ և թերթեր

5193 Ծաղկի խանութներ, տնկիներ և ծաղիկներ

5199 Չերկարակյաց ապրանքներ (այլ դասակարգում չներառված)

5200 Տնային ապրանքների պահեստ-խանութներ

5211 Փայտանյութ և շինարարական նյութերի աութլեթներ

5231 Ապակի, ներկ և պաստառ վաճառող խանութներ

5251 Գործիքների խանութներ

5271 Շարժական տների վաճառողներ

5311 Բազմաբաժին խանութներ

5331 Տարբեր տեսականու խանութներ

5399 Ընդհանուր առևտրի խառը խանութներ

5411 Մթերային խանութներ, սուպերմարկետներ և մինի-խանութներ

5422 Մսի սառեցման և պահեստավորման ծառայություններ

5441 Քաղցրավենիքի և կոնֆետների խանութներ

5451 Կաթնամթերքի խանութներ

5462 Հացաբուլկեղենի խանութներ

5499 Մթերային այլ խանութներ

5531 Ավտոմոբիլային և տնային պարագաների խանութներ

5532 Ավտոմեքենաների անվադողերի խանութներ

5561 Քեմփերների և հանգստի կցասայլերի վաճառք

5611 Տղամարդկանց և տղաների հագուստի խանութներ

5621 Կանանց պատրաստի հագուստի խանութներ

5631 Կանանց աքսեսուարների խանութներ

5641 Երեխաների և նորածինների հագուստի խանութներ

5651 Ընտանեկան հագուստի խանութներ

5655 Սպորտային և ձիավարության հագուստ

5660 Կոշիկի խանութներ (ներառյալ պատվերով)

5661 Կոշիկի խանութներ

5681 Մորթեղենի խանութներ

5691 Տղամարդկանց և կանանց հագուստի խանութներ

5698 Կեղծամների խանութներ

5699 Հագուստի և աքսեսուարների այլ խանութներ

5712 Կահույք և տնային կահավորում

5713 Հատակածածկերի խանութներ

5714 Վարագույրների և երեսպատման խանութներ

5718 Բուխարիներ և բուխարու պարագաներ

5719 Տնային կահավորման այլ խանութներ

5722 Կենցաղային տեխնիկայի խանութներ

5732 Էլեկտրոնիկայի վաճառք

5733 Երաժշտական գործիքների խանութներ

5734 Համակարգչային ծրագրերի խանութներ

5735 Ձայնասկավառակների խանութներ

5912 Դեղատներ

5921 Ալկոհոլային խմիչքների խանութներ

5931 Օգտագործված ապրանքների խանութներ

5932 Հնաոճ իրերի խանութներ

5937 Հնաոճ իրերի վերարտադրության խանութներ

5940 Հեծանիվների խանութներ

5941 Սպորտային ապրանքների խանութներ

5942 Գրախանութներ

5943 Գրենական և դպրոցական պարագաներ

5945 Հոբբիի և խաղալիքների խանութներ

5946 Լուսանկարչական սարքերի խանութներ

5947 Նվերների և հուշանվերների խանութներ

5948 Ճամպրուկների և կաշվե իրերի խանութներ

5949 Կարի և գործվածքների խանութներ

5950 Ապակեղենի և բյուրեղապակու խանութներ

5970 Նկարիչների և ձեռարվեստի խանութներ

5972 Նամականիշների և մետաղադրամների խանութներ

5975 Լսողական սարքերի վաճառք և սպասարկում

5976 Օրթոպեդիկ ապրանքներ և պրոթեզներ

5977 Կոսմետիկայի խանութներ

5992 Ծաղկի խանութներ

5993 Սիգարների խանութներ

5995 Կենդանիների խանութներ

5997 Էլեկտրական սափրիչների խանութներ

5998 Վրանների և ծածկերի խանութներ

5999 Մասնագիտացված այլ մանրածախ խանութներ

8043 Օպտիկներ, օպտիկական ապրանքներ և ակնոցներ

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի փետրվարի 9-ի

թիվ 27-Ն որոշման

Հաշվետվություն ԱՍԿ-ներին տրամադրված ՊՈՍ տերմինալների և դրանցով իրականացված գործարքների վերաբերյալ

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի փետրվարի 9-ի

թիվ 27-Ն որոշման

ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ

1. Առևտրի կամ սպասարկման կետերին տրամադրված ՊՈՍ տերմինալների և դրանցով իրականացված գործարքների վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ նաև՝ Հաշվետվություն) արտացոլում է Առևտրի կամ սպասարկման կետերին (այսուհետ նաև՝ ԱՍԿ) տրամադրված ՊՈՍ տերմինալների միջոցով իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը՝ սույն որոշմամբ դրա ներկայացման համար սահմանված ժամկետին նախորդող օրացուցային տարվա վերջին օրվա դրությամբ: Ընդ որում, այն դեպքում եթե միևնույն առևտրի կամ սպասարկման կետին (միևնույն հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ներքո գործունեություն իրականացնող անձանց) տրամադրված տարբեր ՊՈՍ տերմինալների համար սահմանված է այլ սակագին, ապա յուրաքանչյուր ՊՈՍ տերմինալի վերաբերյալ տվյալները լրացվում են առանձին տողով:

2. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-ԷՅ-նեթ համակարգի միջոցով (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված հասցեով), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան:

3. Հաշվետվությանը հարակից բացատրական և մեթոդական տեղեկատվության ներկայացման անհրաժեշտության դեպքում, դրանք կարող են ներկայացվել «դոք» կամ «դոքիքս» ձևաչափի ֆայլերով։ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է մագնիսական կրիչով՝ կից ներկայացնելով խափանման վերաբերյալ ուղեկցող գրություն:

4. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվետվությունների ընդունման և ամփոփման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից՝ բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով, որոնց փոփոխումն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

5. Հաշվետվության մեջ նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը, հետևյալ ֆորմատով՝ օր. ամիս. տարի (օրինակ՝ 31/12/2025):

6. Հաշվետվությունը լրացնելիս անունները կամ այլ տեղեկատվությունը ներկայացվում է առանց չակերտների, միայն հայերեն տառերով, բացառությամբ ԷՄՍԻՍԻ (MCC) կոդերի:

7. Բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունը, դրան ուղեկցող կամ հարակից այլ տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

8. Սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունը, դրան ուղեկցող կամ հարակից այլ տեղեկությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

9. Հաշվետվությունը մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

Ակտի պատկեր

10. Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի ներկայացվող հաշվետվությունից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

11. Հաշվետվությունը լրացվում է հազար դրամներով, առանց տասնորդական միավորների:

12. Հաշվետվության «Առևտրի կամ սպասարկման կետի ԷՄՍԻՍԻ (MCC) կոդ» սյունակում լրացվում է տվյալ տնտեսվարող սուբյեկտի վաճառակետի տեսակի կոդը (merchant category code)՝ ըստ «Արմենիան Քարդ» ՓԲԸ կողմից տրված դասակարգման (նկարագրության):

13. Հաշվետվության «Առևտրի և (կամ) սպասարկման կետի ԷՄՍԻՍԻ (MCC) կոդի նկարագրություն» սյունակում լրացվում է տվյալ ԷՄՍԻՍԻ (MCC) կոդին համապատասխանող գործունեության ոլորտի նկարագիրը:

14. Հաշվետվության «ՊՈՍ տերմինալի տեսակ» սյունակում լրացվում է բանկի կողմից տրամադրված վճարային քարտ սպասարկող սարքի տեսակի վերաբերյալ տեղեկատվությունը՝

1) «Ստանդարտ ՊՈՍ», եթե ՊՈՍ տերմինալը ԱՍԿ-ում տեղադրվել է ֆիզիկապես․

2) «Վիրտուալ ՊՈՍ», եթե տվյալ սարքը նախատեսված է վճարային քարտը վիրտուալ (ինտերնետ) միջավայրում սպասարկելու համար․

3) «Մոբայլ ՊՈՍ», եթե բանկի կամ իր ԱՍԿ-ի կողմից շահագործվող ՊՈՍ տերմինալը ֆիզիկապես գործում է բջջային սարքի կամ համանման այլ սարքի վրա։

15. Հաշվետվության ՊՈՍ տերմինալի տրամադրման եղանակ սյունակում լրացվում է՝

1) «Ծրագրային», եթե 30.06.2022 թվականից հետո բանկը ստանձնել է տնտեսվարող սուբյեկտների ՀԴՄ սարքավորումների վրա ՊՈՍ տերմինալների տեղադրման պարտավորություն․

2) «Ոչ-ծրագրային», եթե ԱՍԿ-ին տրամադրված ՊՈՍ տերմինալը չի տեղադրվել 30.06.2022 թվականից հետո իրականացված ծրագրի շրջանակներում։

16. Հաշվետվության «Առևտրի և (կամ) սպասարկման կետի անվանումը» սյունակում լրացվում է համապատասխան վաճառակետի ֆիրմային անվանումը։

17. Հաշվետվության «Առևտրի և (կամ) սպասարկման կետի գրանցման» երկիր սյունակում լրացվում է բանկի կամ իր հաճախորդ ԱՍԿ-ների գրանցման երկիրը։

18. Հաշվետվության «Առևտրի և (կամ) սպասարկման կետի ՀՎՀՀ» սյունակում լրացվում է տվյալ տնտեսվարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը։

19. Հաշվետվության «Տվյալ առևտրի և (կամ) սպասարկման կետին տրամադրված ՊՈՍ տերմինալների քանակ» սյունակում լրացվում է բանկի կողմից տնտեսվարող սուբյեկտին տրամադրված ՊՈՍ տերմինալների քանակը՝ ըստ սույն հավելվածի 15-րդ կետում նշված տեսակների։

20. Հաշվետվության «Գործարքի քանակ (հատ) սյունակում» լրացվում է տվյալ քարտատեսակի գծով բանկի և նրա հաճախորդ տնտեսվարող սուբյեկտների կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների քանակը՝ առանց հետգանձումների գործարքների, որոնք կատարվել են Հայաստանի Հանրապետությունում՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գտնվող դեսպանատների, հյուպատոսարանների տարածքում կատարված գործարքները։

21. Հաշվետվության «Գործարքի ծավալ (հազ. ՀՀ դրամ)» սյունակում լրացվում է տվյալ քարտատեսակի գծով բանկի և նրա հաճախորդ ԱՍԿ-երի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների հանրագումարը՝ առանց հետգանձումների գործարքների, որոնք կատարվել են Հայաստանի Հանրապետությունում՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գտնվող դեսպանատների, հյուպատոսարանների տարածքում գործարքները:

22. Հաշվետվության «Առևտրի և(կամ) սպասարկման կետից գանձված ընդհանուր միջնորդավճար (հազ. ՀՀ դրամ)» սյունակում լրացվում է տվյալ քարտատեսակի գծով բանկի և նրա հաճախորդ տնտեսվարող սուբյեկտի կողմից հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ՊՈՍ տերմինալներով կատարված գործարքների արդյունքում գանձված միջնորդավճարների հանրագումարը:

23. Հաշվետվության հավելվածի 21-ից 23-րդ կետերով սահմանված տեղեկությունները լրացվում են առանձին՝ ըստ հետևյալ հայաստանյան կամ միջազգային վճարումների քարտային համակարգերի՝ «ԱՐՔԱ (ARCA)», «ՎԻԶԱ (VISA)», «ՄԱՍՏԵՐ(Master)», «ՄԻՐ(MIR)», «ԱՄԵՔՍ(AmEx)», «ԴԻՆԵՐՍ ՔԼԱԲ(Diners Club)», «Այլ (նշել)»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։