Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) գնահատող՝ ֆիզիկական անձ, որն ունի գնահատողի որակավորման գործող վկայական և հաշվառված է լիազոր մարմնի կողմից.

2) գնահատման կազմակերպություն՝ գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով սահմանված կարգով հաշվառված է լիազոր մարմնի կողմից.

3) լիազոր մարմին` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում (այսուհետ` Որակավորում) իրականացնող և որակավորման վկայականի գործողությունը դադարեցնող, գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով գնահատողներին, կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններին հաշվառող և հաշվառումից հանող լիազոր մարմին.

4) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություն՝ ոչ առևտրային, անկախ, մասնագիտացված, ինքնակարգավորվող և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որը գնահատողների մասնագիտացված միություն է և ստեղծված է գնահատողների և գնահատման կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի դրսևորման ու պաշտպանության, նրանց գործնական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու և սույն օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնելու համար.

5) գնահատման uտանդարտ` Կառավարության սահմանած, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող փաuտաթուղթ.

6) գնահատում` գնահատման օբյեկտի արժեքի որոշմանը նպատակաուղղված՝ սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված գնահատման գործողությունների ամբողջությունն է.

7) գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտներով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատվիրված ամսաթվի դրությամբ որոշված գնահատման օբյեկտի արժեքի վերաբերյալ.

8) գնահատման առաջադրանք՝ պատվիրատուի կողմից գնահատողին ներկայացվող առաջադրանք, որում արտացոլվում են գնահատվող օբյեկտի նույնականացման տվյալները, գնահատման նպատակով ներկայացված փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գնահատման նպատակը, գնահատման գործառույթը և գնահատվող օբյեկտի նկատմամբ իրավունքների տեսակը.

9) որակավորման հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման քննություններն անցկացնող, այդ թվում՝ որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները կազմող հանձնաժողով.

10) մասնագիտական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության ուսումնասիրություն իրականացնող, գնահատման կազմակերպության և գնահատողների կողմից սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի, գնահատման ստանդարտների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով.

11) գնահատման հաշվետվությունների հաշվառման ծրագիր՝ լիազոր մարմնի ներդրած առցանց աշխատող էլեկտրոնային տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ Հաշվառման ծրագիր), որտեղ մուտքագրվում են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալները.

12) պատվիրատու՝ գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ.

13) շահառու՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք հանդիսանում են գնահատման արդյունքների օգտագործողներ, կամ գնահատման արդյունքները որևէ կերպ առնչվում են իրենց օրինական շահերին:

14) ծառայություններ մատուցող՝ գույքի գնահատման ծառայություններ մատուցող օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխադարձության սկզբունքով կարող է մատուցել կամ մտադիր է մատուցել նման ծառայություններ Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ այն գնահատման ծառայությունների, որոնց պատվիրատուն պետությունն է կամ համայնքը.

15) ծառայություններ մատուցողների ռեեստր՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում գույքի գնահատման ծառայություններ մատուցողների ռեեստր, որը ծառայություններ մատուցողների բաց ցուցակ է, և որը վարում է ծառայություններ մատուցողի հաշվառման երկրի (կամ հիմնադրման վայրի) լիազոր մարմինը.

16) Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստր` ռեեստր, որը ներառում է տեղեկատվություն այն գնահատողների և գնահատման կազմակերպությունների վերաբերյալ, որոնք մատուցում կամ մտադիր են մատուցել գույքի գնահատման ծառայություններ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այլ պետությունների տարածքներում, և որը վարում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը․

17) ռեցիպիենտ երկիր՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի շրջանակներում այն պետությունը, որի տարածքում Հայաստանի Հանրապետության ծառայություններ մատուցողների ռեեստրում ներառված գնահատողները և գնահատման կազմակերպությունները իրականացնում են գույքի գնահատման ծառայությունների մատուցում:

18)

(4-րդ հոդվածը լրաց. 20.01.26 ՀՕ-9-Ն)

(հոդվածը 18.06.26 ՀՕ-286-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո)

(18.06.26 ՀՕ-286-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։