Հոդված 13. Գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները
Հոդված 13. Գնահատման հաշվետվության վերաբերյալ պարտադիր պահանջները
1. Գնահատման արդյունքները ձևակերպվում են գրավոր փաստաթղթի տեսքով՝ գնահատման հաշվետվությամբ:
2. Հաշվետվության յուրաքանչյուր տպագրված և համարակալված էջ ստորագրում է գնահատողը:
3. Գնահատման հաշվետվությունը հաստատվում է գնահատողի ստորագրությամբ (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում) կամ այն իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում), որի հետ գնահատողը կնքել է աշխատանքային պայմանագիր, ինչպես նաև նշվում է էջերի քանակը:
4. Սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերում կազմված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պարտադիր պետք է պարունակի տեղեկություն Հաշվառման ծրագրի կողմից ձևավորված անհատական համարի վերաբերյալ, որը պետք է արտացոլված լինի գնահատման հաշվետվության բոլոր էջերի աջ՝ ներքևի անկյունում:
5. Գնահատման հաշվետվությունում չի թույլատրվում`
1) ներառել գնահատման չհիմնավորված մեկնաբանություններ և եզրակացություններ.
2) հրապարակել տեղեկություններ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են պետական, ծառայողական, առևտրային, բանկային և ապահովագրական գաղտնիք.
3) գնահատմամբ որոշված արժեքը չարտահայտել համարժեք դրամով:
6. Գնահատման հաշվետվության վերաբերյալ ընդհանուր պահանջները և դրանցում պարտադիր պարունակվող տեղեկությունները սահմանվում են գնահատման ստանդարտներով:
7. Սույն հոդվածի 1-4-րդ մասերից որևէ մեկի պահանջների խախտմամբ կազմված հաշվետվությունները, որպես գնահատման հաշվետվություն, օգտագործվել չեն կարող: