Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2024-05-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 23. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը

գործել է մինչև 2024-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 23. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, որակավորում իրականացնող լիազոր մարմինը

1. Գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և վերահսկող, ֆիզիկական անձանց գնահատման մասնագիտական որակավորում իրականացնող լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է:

2. Լիազոր մարմինը`

1) ստեղծում է մասնագիտական հանձնաժողով և հաստատում է դրա անհատական կազմը: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի երկու ներկայացուցիչ և նվազագույնը հինգ տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող առնվազն հինգ գնահատող` իրենց համաձայնությամբ՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից յուրաքանչյուրը մասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով կարող է առաջարկել մեկ գնահատողի թեկնածություն, որը սույն մասի պահանջները բավարարելու դեպքում ընդգրկվում է մասնագիտական հանձնաժողովում։ Մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը.

2) հաստատում է գնահատողների կազմած գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցը: Ընդ որում, միևնույն գնահատողը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցում ոչ ավելի հաճախ, քան երկու տարին մեկ, բացառությամբ մասնագիտական հանձնաժողովի պատճառաբանված առաջարկի հիման վրա՝ լիազոր մարմնի ղեկավարի հրամանով.

3) հաստատում է որակավորման քննությունների հարցաշարերը, առաջադրվող հարցերը և խնդիրները․

4) հաստատում է որակավորման վկայականի ձևը.

5) կազմակերպում և անցկացնում է գնահատողների մասնագիտական որակավորման քննությունները.

6) սույն օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասով, 21-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերով, 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերը հայտնի դառնալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում որակավորման վկայականի կամ կրկնօրինակի տրամադրման, վերաձևակերպման և գործողության դադարեցման վերաբերյալ: Եթե նշված ժամկետում որոշում չի կայացնում, ապա որոշումը համարվում է կայացված.

7) մասնագիտական հանձնաժողովի միջոցով իրականացնում է հսկողություն գնահատման կազմակերպությունների և գնահատողների կողմից սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ, այդ թվում`

ա. գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, լիազոր մարմնի նախաձեռնությամբ կամ լիազոր մարմնի հաստատած՝ ուսումնասիրությունների իրականացման տարեկան ժամանակացույցի համաձայն կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ: Լիազոր մարմնի նախաձեռնությամբ մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու դեպքերը սահմանվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգով,

բ. գնահատման հաշվետվություններում անհամապատասխանություն արձանագրելու դեպքում գնահատման գործունեության սուբյեկտներին և շահառուներին երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկում կամ հանձնում է տվյալ գնահատման հաշվետվության վերաբերյալ մասնագիտական եզրակացության պատճենը.

8) գնահատման կազմակերպության ղեկավարին և գնահատողին տրամադրում է Հաշվառման ծրագիր մուտք գործելու մուտքանուն և գաղտնաբառ.

9) գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների առաջարկությամբ հաստատում է վերապատրաստման դասընթացների ծրագիրը.

10) լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է գնահատողի որակավորում ունեցող անձանց, որակավորման վկայականի գործողությունը դադարեցված անձանց (ներառյալ վկայականի գործողության դադարեցման իրավական հիմքը և գնահատման կազմակերպության անվանումը), լիազոր մարմնի հաշվառած գնահատողների, գնահատման կազմակերպությունների և գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների անվանացանկերը, իսկ կոնտակտային տվյալները՝ նրանց համաձայնությամբ: Հրապարակված անվանացանկերը փոփոխվում են այդ փոփոխության իրավական հիմքի առաջացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.

11) իրականացնում է գնահատմանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։