Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
անշարժ գույքի կադաստրային գնահատում` անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային գնի որոշումն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրությամբ) սահմանված կարգով.
անշարժ գույքի գնահատում` անշարժ գույքի շուկայական արժեքի որոշմանը նպատակաուղղված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտով և այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողությունների ամբողջությունն է համապատասխան վճարի դիմաց.
անշարժ գույքի շուկայական գին` անշարժ գույքի շուկայում կողմերի միջև գործարքի արդյունքում ձևավորված գինն է.
անշարժ գույքի շուկայական արժեք` բաց և մրցակցային շուկայում, սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի բոլոր պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, անշարժ գույքի վաճառքի առավել հավանական գինն է, որը անշարժ գույքի գնահատման օբյեկտների համար կարող է որոշվել գնահատողի կողմից` անշարժ գույքի գնահատմամբ.
լիազոր մարմին՝ սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորելու և վերահսկելու, անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորում իրականացնող լիազորված պետական մարմինն է.
գնահատման ստանդարտ` կառավարության կողմից սահմանված, գնահատման միջազգային ստանդարտներին համահունչ, գնահատումը կանոնակարգող, համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ պարունակող փաստաթուղթն է.
անշարժ գույքի գնահատման հաշվետվություն` փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություն սույն օրենքով, գնահատման ստանդարտով և օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատմամբ (տվյալ օրվա դրությամբ) որոշված անշարժ գույքի շուկայական գնի վերաբերյալ: