Հոդված 10. Ծառայությունների անհատական ծրագիրը
Հոդված 10. Ծառայությունների անհատական ծրագիրը
1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմում է գնահատող հանձնաժողովը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:
2. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է ուղղված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելուն: Այն կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական և վերականգնողական ծառայությունների (ներառյալ աջակցող միջոցները), ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների՝ սեռով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
3. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ՝ անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից՝ ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից:
4. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպում և դրանք իրականացնում են օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինները (անձինք, կազմակերպությունները, հիմնարկները)՝ սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում:
5. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազոր մարմինը:
6. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին:
(10-րդ հոդվածը փոփ. 13.02.26 ՀՕ-49-Ն)