ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 164-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 605,801.40 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 164-Ա որոշման
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Նպաստել Հայաստանում ներառական և որակյալ կրթական համակարգերի կայուն ամրապնդմանը՝ կրթական բարեփոխումների շրջանակներում։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը 1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարություն (Գերմանիա, քաղաք Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94).
2) Կարիտաս Գերմանիա (Գերմանիա, քաղաք Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40)
4. Ծրագիրը կատարողը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն (քաղաք Գյումրի, Հ. Սարգսյան փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` քաղաք Գյումրի և Մարալիկ, Արթիկ, Աշոցք բնակավայրեր, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ քաղաք Արտաշատ, Հայաստանի Հանրապետության Լուռու մարզ՝ քաղաք Վանաձոր, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ՝ քաղաք Գավառ: Բնագավառը՝ կրթական
6. Ծրագրի բյուջեն 605,801.40 եվրոյին համարժեք դրամ
7. Բարեգործություն ստացողը 1) 7 դպրոց (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ՝ Գյումրու N 8 միջնակարգ, Գյումրու N 28 հիմնական, Գյումրու N 29 հիմնական, Գյումրու N 11 հիմնական, Մարալիկի N 2 միջնակարգ, Արթիկի N 2 հիմնական, Աշոցքի միջնակարգ դպրոցների 3,559 աշակերտ և 437 աշխատակից).
2) 6 մանկապարտեզ (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ՝ Գյումրու «Երազանք», «Ծիածան», «Լուս աստղիկ», «Մարալիկի Ռոմի Բարոնյանի անվան», Արթիկի N 2 և Աշոցքի մանկապարտեզների 640 երեխա և 147 աշխատակից).
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում բնակվող 180 հաշմանդամություն ունեցող երեխա.
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում բնակվող 70 հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող և 50 ծնող ծնողական խորհուրդներից.
5) Հայաստանի Հանրապետության Շիրակի միջին մասնագիտական հաստատություն (250 ուսանող և 25 դասախոս).
6) Գյումրու, Վանաձորի, Գավառի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոնների 309 երեխա և 46 աշխատակից.
7) 120 համագաղափարակիր ուսանող:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2026 թվականի մարտի 23-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) ծրագրում ընդգրկված հաստատությունների անձնակազմի և շահագրգիռ կողմերի (երեխաների ծնողներ, աշակերտական խորհուրդներ, աշակերտներ, համագաղափարակիր ուսանողներ) համար «Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ինքնաաջակցման խմբերի կարողությունների զարգացում» դասընթացների կազմակերպում՝ սեմինար - վարժանքների, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով - 532,433.93 եվրոյին համարժեք դրամ.
2) հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների, ուսանողների, դպրոցների ուսուցիչների և տնօրենների տարածաշրջանային և օտարերկրյա հանդիպումներին, փոխանակման այցերին ու համաժողովներին մասնակցության ապահովում - 58,054.78 եվրոյին համարժեք դրամ.
3) դպրոցների, մանկապարտեզների, միջին մասնագիտական հաստատության և ցերեկային խնամքի կենտրոնների սենյակների և դասասենյակների համար կահույքի ձեռքբերում ու տեխնիկական հագեցվածության և հասանելիության ապահովում - 5,714.29 եվրոյին համարժեք դրամ.
4) իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի (ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ) տպագրություն, մեդիա արշավների կազմակերպում - 9,598.40 եվրոյին համարժեք դրամ:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) դռների լայնացման և թեքահարթակների կառուցման ծառայությունների, տեխնիկայի, դիդակտիկ պարագաների ու հարմարեցված գործիքների ձեռքբերում - 5,714.29 եվրոյին համարժեք դրամ.
2) նյութերի տպագրության և մեդիա արշավների կազմակերպմանն ուղղված ծառայությունների ձեռքբերում - 9,598.40 եվրոյին համարժեք դրամ.
3) շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի և պահեստամասերի, տարածքի վարձակալության, գրասենյակային պարագաների և գրասենյակային ծառայությունների ձեռքբերում – 44,670.63 եվրոյին համարժեք դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը 1) աշխատավարձ - 107,944.49 եվրոյին համարժեք դրամ.
2) գրասենյակային տարածքի վարձակալություն - 12,014.29 եվրոյին համարժեք դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմների հետ։
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
2) ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Կարիտաս Գերմանիայի կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Վարչական Խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
25.03.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ