Հոդված 17. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող հիմնական պահանջները
Հոդված 17. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող հիմնական պահանջները
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.
2) տիրապետում է հայերենին.
3) չունի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն (որոնց ցանկը սահմանում է Կառավարությունը).
4) ընդգրկվել է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում, բացառությամբ քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների:
2. Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով ու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:
3. Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝
1) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել.
4) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
5) որի նկատմամբ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
6) որը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին:
4. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել պաշտոնավարման ժամկետը:
5. Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը համապատասխանաբար Կառավարության և վարչապետի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:
(17-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.18 ՀՕ-79-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ., լրաց., խմբ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
(09.12.20 ՀՕ-494-Ն օրենքն ունի անցումային դրույթ)