Հոդված 6. Վերելակի, վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանության հավաստումը
Հոդված 6. Վերելակի, վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանության հավաստումը
1. 2-րդ հավելվածում նշված վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստումն իրականացվում է պարտադիր սերտիֆիկացման ձևով՝ մինչև Մաքսային միության անդամ պետությունների տարածքում դրանք շրջանառության մեջ դնելը։
2. Վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների սերտիֆիկացումն իրականացվում է հետևյալ կարգով՝
2.1. 2-րդ հավելվածում նշված վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների սերտիֆիկացումն իրականացնում է սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը (այսուհետ` սերտիֆիկացման մարմին)՝ հայտատուի հետ պայմանագրի հիման վրա։.
2.2. սերիական թողարկման համար նախատեսված վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է 3-րդ հավելվածում նշված 1ս ընթացակարգով։ Ընդ որում՝ հայտատու է վերելակի, վերելակի անվտանգության սարքվածքների արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը).
2.3. միանգամյա արտադրության վերելակի, միանգամյա արտադրության վերելակի անվտանգության սարքվածքի, միաժամանակ արտադրվող խմբաքանակից վերելակի և միաժամանակ արտադրվող խմբաքանակից վերելակի անվտանգության սարքվածքի պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է 3-րդ հավելվածում նշված՝ 3ս ընթացակարգով (միաժամանակ արտադրվող խմբաքանակի դեպքում) և 4ս ընթացակարգով (միանգամյա արտադրության դեպքում).
2.4. պարտադիր սերտիֆիկացման համար հայտատուն սերտիֆիկացում անցկացնելու հայտ է ներկայացնում, որի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
- հայտատուի անվանումը և գտնվելու վայրը,
- արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
- սերտիֆիկացման օբյեկտը նույնականացնելու հնարավորութուն ընձեռող տեղեկություններ,
- սերտիֆիկացման օբյեկտի փորձարկումների անցկացման վայրի մասին տեղեկություններ,
- սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանությունն ապահովելու համար կամավոր հիմունքով կիրառվող ստանդարտների մասին տեղեկություններ.
2.5. սերտիֆիկացում անցկացնելու հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք վկայում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության մասին.
ա) վերելակի սերտիֆիկացման համար՝
- տեխնիկական նկարագիրը,
- շահագործման ձեռնարկը (հրահանգը),
- սկզբունքային էլեկտրական սխեման` տարրերի ցանկով,
- հիդրավլիկ սխեման՝ հիդրավլիկ շարժաբերով վերելակի համար տարրերի ցանկով,
- արտադրողի կողմից կամ նրա հանձնարարությամբ կատարված փորձարկումների և չափումների արձանագրությունները, ռիսկի վերլուծությունը (առկայության դեպքում),
- անվտանգության սարքվածքների՝ Տեխնիկական կանոնակարգին համապատասխանության սերտիֆիկատների պատճենները, կամ սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանված դեպքում՝ փորձարկումների և չափումների արձանագրությունները,
- Մաքսային միության անդամ պետության տարածքում հավատարմագրված մարմնի կողմից տրված որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում) .
բ) վերելակի անվտանգության սարքվածքների սերտիֆիկացման համար՝
- տեխնիկական փաստաթղթերը (նկարագրերը, գծագրերը, նկարները),
- որակի կառավարման համակարգի սերտիֆիկատի պատճենը (առկայության դեպքում)՝ տրված Մաքսային միության անդամ պետության տարածքում հավատարմագրված մարմնի կողմից.
2.6. հայտատուն վերելակի սերտիֆիկացում անցկացնելիս փորձարկումների համար ներկայացնում է միանգամյա արտադրության հավաքակցված վերելակը, վերելակների միաժամանակ արտադրված խմբաքանակի տիպային նմուշը, կամ սերիական արտադրության վերելակների տիպաչափսային շարքի տիպային նմուշը և սույն հոդվածի 2.5 կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերը.
2.7. հայտատուն վերելակի՝ 2-րդ հավելվածում նշված անվտանգության սարքվածքների սերտիֆիկացում անցկացնելիս Մաքսային միության անդամ պետությունների տարածքում փորձարկումների համար սերտիֆիկացման մարմին է ներկայացնում՝
- միանգամյա արտադրության անվտանգության սարքվածքը, միաժամանակ արտադրվող խմբաքանակի անվտանգության սարքվածքի տիպային նմուշը, սերիական արտադրության անվտանգության սարքվածքի տիպաչափսային շարքի տիպային նմուշը,
- սերտիֆիկացվող անվտանգության սարքվածքի փորձարկումներ անցկացնելու համար անհրաժեշտ լրակազմող արտադրատեսակները,
- սույն հոդվածի 2.5 կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերը։
Վերելակն արտադրող ձեռնարկության կողմից արտադրվող՝ վերելակի անվտանգության սարքվածքները, որոնք օգտագործվում են այդ ձեռնարկության կողմից սեփական արտադրության վերելակների լրակազմման համար և մատակարարվում են որպես սեփական արտադրության վերելակների վրա վերելակի անվտանգության նույնական սարքվածքները փոխարինելու պահեստամասեր, ենթակա չեն պարտադիր սերտիֆիկացման։ Վերելակների անվտանգության այդ սարքվածքների փորձարկումների անցկացման կարգը սահմանվում է Մաքսային միության հանձնաժողովի կողմից հաստատված ցանկում ներառված ստանդարտներում։
Այդ փորձարկումների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով։ Արձանագրությունների պատճենները ներկայացվում են վերելակների սերտիֆիկացման ժամանակ.
2.8. սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում նշված վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների նույնականացումն իրականացվում է սերտիֆիկացման մարմնի կողմից՝ էական հատկանիշների հետ դրանց բնութագրերի նույնականությունը որոշելու միջոցով.
2.9. վերելակի էական հատկանիշների շարքին է դասվում հետևյալ հատկանիշների ամբողջությունը՝
- խցիկի առկայություն,
- կոշտ ուղղորդիչների առկայություն,
- ուղղորդիչների թեքման անկյունը ուղղաձիգի նկատմամբ՝ 15 աստիճանից ոչ ավելի.
- խցիկը բարձրացնելու կամ իջեցնելու համար շարժաբերի առկայություն։
2.10. 2-րդ հավելվածում նշված վերելակների անվտանգության սարքվածքների էական հատկանիշ է դրանց՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հոդվածում նշված համապատասխան հասկացությունների սահմանումներից բխող ֆունկցիոնալ նշանակությունը:
Նույնականացումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերի օգտագործմամբ։
Նույնականացման արդյունք է արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի կարգավորման օբյեկտին դասելը կամ չդասելը.
2.11. վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների պարտադիր սերտիֆիկացման ժամանակ հետազոտությունները (փորձարկումները) ու չափումներն իրականացնում է սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը).
2.12. սերտիֆիկացման մարմինը հայտատուի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում կատարում է սերտիֆիկացում՝ սերտիֆիկացման ընտրված ընթացակարգին համապատասխան, և որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին։
Համապատասխանության սերտիֆիկատը և դրա հավելվածները պետք է տեղեկություններ պարունակեն վերելակի տիպի (մոդելի), արտադրողի, վերելակի ծագման երկրի և վերելակի հետևյալ հանգույցների ու անվտանգության սարքվածքների մասին՝
- կարապիկներ,
- հիդրոագրեգատ (հիդրավլիկ վերելակի համար),
- կառավարման համակարգ (կոնտրոլեր),
- խցիկի դռների շարժաբեր,
- հորանի դռներ,
- հորանի դռների փականներ,
- որսիչներ,
- արագության սահմանափակիչ,
- թափարգել,
- անվտանգության հիդրոապարատ։
Համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության պատճառաբանված հիմնավորում։
Նշված անհամապատասխանությունը վերացնելուց հետո հայտատուն կրկին դիմում է սերտիֆիկացման մարմին՝ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելու մասին հայտով.
2.13. սերիական արտադրության վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետը չպետք է գերազանցի հինգ տարին՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված 1ս ընթացակարգի դեպքում։
Սերիական թողարկման արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության նշված ժամկետների ընթացքում արտադրողի կողմից շրջանառության մեջ դրված վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների դեպքում՝ համապատասխանության սերտիֆիկատը վավեր է վերելակի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում։
Միանգամյա արտադրության վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների, վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների միաժամանակ արտադրվող խմբաքանակի դեպքում՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված 3ս և 4ս ընթացակարգերի համաձայն տրված համապատասխանության սերտիֆիկատը վավեր է՝ մինչև վերելակի ծառայության ժամկետի ավարտը.
2.14. սերիական թողարկման վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը լրանալուց հետո հայտատուն կարող է դիմել սերտիֆիկացման մարմին՝ սույն հոդվածով սահմանված կարգով համապատասխանության սերտիֆիկատ ստանալու համար, կամ դիմել այդ սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմին՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու հայտով։ Հաշվի առնելով սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված՝ կիրառված 1ս ընթացակարգ՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կարող է նախորդ սերտիֆիկացումն անցկացրած սերտիֆիկացման մարմնի որոշմամբ երկարաձգվել համապատասխանաբար մինչև հինգ տարով՝ հայտատուի կողմից ներկայացված տեղեկությունների վերլուծության և սերտիֆիկացված սերտիֆիկացման օբյեկտի նկատմամբ տեսչական հսկողության արդյունքների հիման վրա (1ս ընթացակարգի համաձայն սերտիֆիկացման դեպքում)։
Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու համար հայտատուն սերտիֆիկացման մարմին է ուղարկում համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հայտ, որին կցվում է տեղեկատվություն, որը պարունակում է տեղեկություններ այն մասին, որ վերջին տեսչական հսկողություն անցկացնելու պահից սերտիֆիկացվող վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի կառուցվածքում փոփոխություններ չեն կատարվել։
Սերտիֆիկացման մարմինը հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության վերլուծության և տեսչական հսկողության արդյունքների հիման վրա որոշում է ընդունում համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգումը մերժելու մասին և որոշումն ընդունելու օրվանից՝ 10 օրը չգերազանցող ժամկետում տեղեկացնում է հայտատուին ընդունված որոշման մասին։ Սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին անհամապատասխանության պատճառաբանված հիմնավորում։
Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգելու կամ երկարաձգումը մերժելու մասին տեղեկատվությունը, որոշումն ընդունելու օրվանից՝ 10 օրը չգերազանցող ժամկետում, սերտիֆիկացման մարմնի կողմից ուղարկվում են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար լիազորված պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ.
2.15. հայտատուն պարտավոր է տեղեկացնել համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնին 2-րդ հավելվածում նշված` վերելակի անվտանգության սարքվածքների կառուցվածքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև վերելակի կառուցվածքում կատարված` դրա անվտանգության վրա ազդող փոփոխությունների մասին։
Սերտիֆիկացման մարմինն անցկացնում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծություն և որոշում է ընդունում փոփոխված կառուցվածքով վերելակի և (կամ) վերելակի անվտանգության սարքվածքների համապատասխանության սերտիֆիկատի վերաձևակերպման, կամ վերելակի և (կամ) վերելակի անվտանգության սարքվածքների նոր փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտության մասին.
2.16. սերտիֆիկացման մարմինը կասեցնում է համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը (1ս ընթացակարգի համաձայն)՝ սույն հոդվածի 2.15 կետով սահմանված պահանջները չկատարելու և (կամ) սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ տեսչական հսկողության բացասական արդյունքների դեպքում.
2.17. արտադրանքը Մաքսային միության անդամ պետությունների տարածքում շրջանառության մեջ դնելիս պետք է պահպանվի հետևյալ փաստաթղթերի լրակազմը՝
- վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների փաստաթղթերը՝ արտադրողի մոտ՝ վերելակներն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից՝ առնվազն 10 տարվա ընթացքում,
- վերելակների և վերելակների անվտանգության սարքվածքների խմբաքանակը (եզակի արտադրատեսակ)՝ վաճառողի (մատակարարի) մոտ՝ խմբաքանակի վերջին արտադրատեսակի (եզակի արտադրատեսակի) իրացման օրվանից՝ առնվազն 10 տարվա ընթացքում։
Վերելակների՝ Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացման ժամանակ օգտագործված փաստաթղթերի պատճենները և համապատասխանության սերտիֆիկատների պատճենները պետք է պահվեն համապատասխանության սերտիֆիկատը տրամադրած սերտիֆիկացման մարմնում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում և դրա գործողության ժամկետի ավարտից հետո՝ հինգ տարվա ընթացքում.
2.18. սերտիֆիկացման համար ներկայացվող փաստաթղթերի լրակազմը ձևակերպվում է Մաքսային միության անդամ պետության պետական լեզվով և (կամ) ռուսերենով։
3. Մինչև շահագործման հանձնելը՝ տեղում հավաքակցված վերելակի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացվում է վերելակի համապատասխանության հայտարարագրման ձևով՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում նշված 4հ ընթացակարգի համաձայն՝ հետևյալ կարգով՝
3.1. վերելակի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է սեփական ապացույցների և փորձարկման հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) մասնակցությամբ ստացված ապացույցների հիման վրա։
Որպես սեփական ապացույցներ օգտագործվում են վերելակի հավաքակցումն ավարտելուց հետո վերելակի աշխատանքի ստուգման արձանագրությունը, անձնագիրը, հավաքակցված վերելակի հավաքակցման գծագիրը և վերելակի տեղադրման նախագծային փաստաթղթերը։
Վերելակի հավաքակցման գծագիրը պետք է պարունակի սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ վերելակի տեղադրման համապատասխանության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ և չափսեր։ Գծագրի վրա նշվում են մեքենայական և բլոկային սենքերի, այդ թվում՝ հորանի տեսակները և կտրվածքները (չափսերով), որոնք պատկերացում են տալիս վերելակի բաղկացուցիչ մասերի դիրքի և փոխադարձ կապի, ինչպես նաև շենքի (շինության) շինարարական մասի վրա վերելակի առաջացրած բեռնվածքի մասին.
3.2. հայտը ներկայացվում է փորձարկման հավատարմագրված լաբորատորիա (կենտրոն).
3.3. փորձարկման հավատարմագրված լաբորատորիան (կենտրոնը) անցկացնում է ստուգումներ, հետազոտություններ, փորձարկումներ և չափումներ՝ հայտատուի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետներում։ Ընդ որում՝ իրականացվում են՝
- վերելակի սարքավորումների տեղադրման՝ հավաքակցման փաստաթղթերին և շենքում (շինությունում) վերելակի տեղադրման նախագծային փաստաթղթերին համապատասխանության ստուգում,
- վերելակի և վերելակի անվտանգության սարքվածքների աշխատանքի ստուգում,
- էլեկտրացանցերի և էլեկտրական սարքավորումների մեկուսացման փորձարկում, վերելակի սարքավորումների հողակցման (զրոյացման) տեսողական և չափողական հսկողություն,
- ճոպանատար փոկանիվին (շփման թմբուկին) քարշող տարրերի կցորդման փորձարկում և էլեկտրաշարժաբերով վերելակի արգելակման համակարգի փորձարկում,
- հիդրավլիկ շարժաբերով վերելակի հիդրոգլանի և խողովակաշարի հերմետիկության փորձարկում,
- խցիկի, քարշող տարրերի, խցիկի կախոցի և (կամ) հենարանի, դրանց ամրակման տարրերի փորձարկում։
3.4. ստուգումների, հետազոտությունների, փորձարկումների և չափումների արդյունքները ձևակերպվում են արձանագրություններով, որոնց պատճենները կցվում են վերելակի անձնագրին։
Փորձարկման հավատարմագրված լաբորատորիայի (կենտրոնի) մասնագետը վերելակի անձնագրում գրառում է կատարում ստուգումների, հետազոտությունների, փորձարկումների և չափումների արդյունքների մասին.
3.5. սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի համապատասխանության մասին հայտարարագիրը կցվում է վերելակի անձնագրին։ Վերելակի անձնագիրը և հայտարարագիրը ենթակա են պահպանման վերելակի ծառայության սահմանված ժամկետի ընթացքում.
3.6. մինչև շահագործման հանձնելը՝ մարդկանց և (կամ) բեռների փոխադրման համար վերելակի օգտագործումը չի թույլատրվում՝ բացի դրա հավաքակցման, կարգաբերման և փորձարկման հետ կապված դեպքերից.
3.7. վերելակը շահագործման հանձնելն իրականացվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
4. Ծառայության սահմանված ժամկետի ընթացքում վերելակի համապատասխանության գնահատումն իրականացվում է տեխնիկական զննման ձևով՝ առնվազն 12 ամիսը մեկ անգամ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված (լիազորված) կազմակերպության կողմից։
Վերելակի համապատասխանության գնահատման արդյունքները ձևակերպվում են ակտով և նշվում վերելակի անձնագրում։
5. Ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակի համապատասխանության գնահատումն անցկացվում է ուսումնասիրության ձևով՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված (լիազորված) կազմակերպության կողմից.
5.1. վերելակի ուսումնասիրության ընթացքում որոշվում է՝
- ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակի համապատասխանությունը՝ սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված անվտանգության ընդհանուր պահանջներին և (հաշվի առնելով վերելակի նշանակությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածով սահմանված անվտանգության հատուկ պահանջներին,
- սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին վերելակի համապատասխանության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները (այդ թվում՝ վերելակի արդիականացումը) և միջոցառումների իրականացման ժամկետները.
5.2. վերելակի ուսումնասիրության ընթացքում անցկացվում են՝
- վերելակի սարքավորումների՝ ներառյալ վերելակի անվտանգության սարքվածքների վիճակի որոշում՝ թերությունների, անսարքությունների, մաշվածության և կերամաշման աստիճանների բացահայտմամբ,
- հիմնակմախքի մետաղակառուցվածքների, խցիկի կախոցի, հակակշռի, ինչպես նաև ուղղորդիչների և դրանց ամրակման տարրերի ստուգում,
- էլեկտրացանցերի և էլեկտրական սարքավորումների մեկուսացման փորձարկում, վերելակի սարքավորումների հողակցման (զրոյացման) տեսողական և չափողական ստուգում։
Կատարված ուսումնասիրության մասին տեղեկությունները նշվում են վերելակի անձնագրում։
5.3. ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն, որը պարունակում է՝
- վերելակի օգտագործումը երկարաձգելու պայմանները և հնարավոր ժամկետը,
- վերելակն արդիականացնելու կամ փոխարինելու վերաբերյալ առաջարկություններ։
Արդիականացումից կամ փոխարինումից հետո վերելակի համապատասխանության գնահատումն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով։
Արդիականացված վերելակի համապատասխանության գնահատում կատարելիս լրացուցիչ իրականացվում են՝
- սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված անվտանգության ընդհանուր պահանջներին և (հաշվի առնելով վերելակի նշանակությունը) սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում սահմանված անվտանգության հատուկ պահանջներին արդիականացված վերելակի համապատասխանության ստուգում,
- արդիականացման նախագծային փաստաթղթերին վերելակի սարքավորումների տեղադրման համապատասխանության ստուգում,
- ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակի համապատասխանության գնահատման արդյունքներով կազմված եզրակացության մեջ նշված՝ վերելակն արդիականացնելու վերաբերյալ առաջարկությունների կատարման ստուգում։
Համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա հայտատուն ձևակերպում է համապատասխանության հայտարարագիրը և սահմանում է վերելակի ծառայության նոր ժամկետ, անձնագրում գրառում է կատարում ծառայության ժամկետի և վերելակի՝ շահագործման հանձնելու տեխնիկական պատրաստվածության մասին.
5.4. վերելակի արդիականացման կամ փոխարինման անհրաժեշտության բացակայության ու շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանների կատարման դեպքում սահմանվում է վերելակն ըստ նշանակության օգտագործելու ժամկետ.
5.5. մինչև սույն Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը՝ շահագործման հանձնված և ծառայության սահմանված ժամկետն աշխատած վերելակները պետք է համապատասխանեցվեն սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ սույն Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու ամսաթվից՝ 12 տարին չգերազանցող ժամկետում։