Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը
Հոդված 33. Կենսաթոշակ նշանակելը
1. Կենսաթոշակը կենսաթոշակի իրավունք ունեցող անձի, իսկ անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի: Կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքի:
Կենսաթոշակի իրավունք ունեցող` տասնչորս տարին լրացած անձը կարող է կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքի:
Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակելու, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմում ներկայացնելու օրը: Դիմումին կցվում են օրենսդրությամբ սահմանված` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Եթե դիմումին չի կցվում սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Կառավարության սահմանած կարգով, սոցիալական վճար կատարած լինելը ճշտում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալներով:
(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-221-Ն)
4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը դիմումն ընդունելուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները, կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) նշանակել կենսաթոշակ.
2) նշանակել կենսաթոշակ և տեղեկացնել կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին.
3) մերժել կենսաթոշակ նշանակելը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, Կառավարության սահմանած կարգով, կազմում է կենսաթոշակի էլեկտրոնային գործ:
6. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված որոշումը կայացվում է, եթե ներկայացված փաստաթղթերը և առկա տեղեկատվությունը բավարար են անձին կենսաթոշակ նշանակելու համար, սակայն առկա է աշխատանքային ստաժում չհաշվառված ժամանակահատված:
7. Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
1) անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2) կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.
3) ներկայացված փաստաթղթերը և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար.
4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:
8. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակ նշանակելը մերժելու կամ անձին կենսաթոշակ նշանակելու և լրացուցիչ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտության մասին որոշում կայացնելու դեպքում հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ կարգով ծանուցում է կենսաթոշակ նշանակելու համար դիմած անձին` նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
9. Կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմինների ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Կառավարությունը:
9.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Կառավարությունը:
10. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
(33-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց. 19.06.13 ՀՕ-82-Ն, 21.12.15 ՀՕ-1-Ն, լրաց., փոփ.16.12.16 ՀՕ-221-Ն, 15.11.17 ՀՕ-200-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, 28.03.19 ՀՕ-7-Ն, լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն)