Հոդված 5
Հոդված 5.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.2-րդ հոդվածով․
«Հոդված 14.2. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը
1. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատումը ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթաց է, որն իրականացնում է ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը:
2. Ոստիկանության ծառայողի կատարողականը գնահատվում է յուրաքանչյուր տարի (ընդհանուր գնահատական), որը կազմված է ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից (կատարողականի ընթացիկ գնահատականների միջին թվաբանականը), ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից:
3. Կատարողականի ընդհանուր գնահատականը հիմք է ոստիկանության ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու համար: Կատարողականի ընդհանուր գնահատականի՝
1) դրական արդյունքները հիմք են ոստիկանության ծառայողի՝
ա. խրախուսման համար,
բ. առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար.
2) բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը սահմանափակվում է:
4. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ և 15-րդ մասերով սահմանված եզրակացությունները կայացնելիս հաշվի է առնվում ատեստավորմանը նախորդած 3 տարիների կատարողականի ընդհանուր գնահատականների միջին թվաբանականը։
5. Կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում ոստիկանության ծառայողը կարող է այն բողոքարկել Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվող հանձնաժողով:
6. Ոստիկանության ծառայողի կատարողականի գնահատման կարգը, այդ թվում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ոստիկանության ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատման ցուցիչները, կատարողականի գնահատականի դրական և բացասական արդյունքների շեմերը, կատարողականի գնահատականի դրական և բացասական արդյունքների հետևանքների կիրառման, վերապատրաստման անհատական ծրագրեր կազմելու կանոնները, կատարողականի ընդհանուր կամ ընթացիկ գնահատականին համաձայն չլինելու դեպքում այն բողոքարկելու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:»: