Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը
Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործումը
1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները, որոնք ձեռք են բերվել սույն օրենքով սահմանված կարգով, հանդիսանում են ապացույցներ, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների:
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արձանագրում է դրանք անցկացնող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաև այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) անունները և ազգանունները, որոնց վրա տարածվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև միջոցառման հետևանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը: Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք):
3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները քրեական վարույթն իրականացնող մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների` նրանց խնդրանքով օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների:
3.1. Առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև հարկային պարտավորություններ առաջադրելու համար:
4. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, և որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`
1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և
2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և
3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:
(40-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-244-Ն)