Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Հրապարակային ծանուցում ներկայացնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Հրապարակային ծանուցում ներկայացնելը

1. Հրապարակող անձը հրապարակային ծանուցման տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային ձևաչափով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ գործակալություն):

2. Օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով հրապարակային ծանուցման հրապարակման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում հրապարակային ծանուցման տեքստը պետք է ներկայացվի գործակալություն սահմանված ժամկետից առնվազն մեկ օր առաջ:

3. Հրապարակային ծանուցումը պետք է ներկայացնի այն հրապարակելու լիազորություն ունեցող անձը կամ նրա լիազորած անձը:

4. Հրապարակային ծանուցման բովանդակության համար պատասխանատու է այն հրապարակող անձը: Հրապարակային ծանուցումը ենթակա չէ հրապարակման, եթե օրենքով արգելված է նման բովանդակությամբ ծանուցման հրապարակումը:

5. Հրապարակային ծանուցման ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հրապարակային ծանուցումը պետք է շարադրված լինի Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով՝ գրական հայերենով:

7. Տեքստը պետք է գրված լինի պարզ և հստակ: Արգելվում է կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, օգտագործել բարոյականության սկզբունքներին հակասող բառեր: Թույլատրվում է բառերի կամ տերմինների համընդհանուր օգտագործման հապավումների օգտագործում:

8. Հրապարակային ծանուցման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում գործակալությունը պարտավոր է ինքնուրույն ուղղել այն սխալները և վրիպակները, որոնց ուղղման դեպքում չի արատավորվի հրապարակային ծանուցման բովանդակությունը, և այդ մասին պարտավոր է մեկօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնել հրապարակային ծանուցում հրապարակող անձին:

9. Եթե կայքում հրապարակային ծանուցման հետ մեկտեղ պետք է տեղադրվի փաստաթուղթ, ապա այն ներկայացվում է ծանուցողի կողմից վերահսկվող սերվերում տեղադրված հղման միջոցով։

10․ Հրապարակային ծանուցման տեքստն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, տեղադրվում է կայքում:

11. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ինչպես նաև նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նոտարական գործողության ընթացքում հրապարակվող հրապարակային ծանուցումը հրապարակվում է կայքում անմիջապես այն ստանալուց հետո:

(5-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-58-Ն, փոփ., լրաց. 04.12.25 ՀՕ-415-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։