Հոդված 21.9
Հոդված 21.9.
Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքերը
1. Ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են եթե՝
ա) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) նրա պաշտոնավարման ընթացքում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով նրան արգելվում է լինել բանկի խորհրդի անդամ (բանկի ղեկավար).
գ) մեկ տարվա ընթացքում բացակայել է խորհրդի նիստերի առնվազն 1/4-ից անհարգելի պատճառներով կամ ընդհանուր առմամբ (ներառյալ՝ հարգելի և անհարգելի բացակայությունները) նիստերի առնվազն կեսից: Սույն կետի իմաստով իրական ժամանակի ռեժիմով և բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա մասնակցությունը համարվում է լիարժեք մասնակցություն.
դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել է կամ զրկվել է որոշակի պաշտոն վարելու իրավունքից:
1.1. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝
ա) իր դիմումի համաձայն.
բ) մահանալու դեպքում.
գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:
2. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել նաև լիազորությունների մնացած ժամանակահատվածի, իսկ եթե այդ ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է, ապա մեկ տարվա համար սահմանված աշխատավարձը բանկի կողմից նրան փոխհատուցելու պայմանով:
Բանկն իրավունք ունի խորհրդի անդամի պաշտոնից ազատված անձից դատական կարգով հետ պահանջելու սույն մասի առաջին պարբերությամբ նրան փոխհատուցված աշխատավարձը՝ դատարանում ապացուցելով խորհրդի անդամի կողմից պաշտոնեական պարտականությունների թերացման փաստը:
(21.9-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն, փոփ., լրաց. 16.09.20 ՀՕ-437-Ն)