Հոդված 33. Փոփոխությունների գրանցումը
Հոդված 33. Փոփոխությունների գրանցումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները`
ա) բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունում կատարված փոփոխությունները.
բ) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.
գ) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:
2. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար իր սահմանած փաստաթղթերն ստանալու պահից` մեկամսյա ժամկետում, գրանցել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փոփոխությունները կամ մերժել գրանցումը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում գրանցումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին բանկին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունը համարվում է գրանցված:
Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին ու ներկայացվել են սահմանված կարգով և ձևով: Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
3. Սույն հոդվածով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:
3.1. Կենտրոնական բանկն իր կողմից բանկի ֆիրմային անվանման փոփոխության գրանցման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց գրանցման պետական լիազորված մարմնին` բանկի ֆիրմային անվանման փոփոխման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կողմից, և բանկը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները` մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխություններ գրանցելը:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը կանոնադրական հիմնադրամի չափի փոփոխման դեպքում այլ բանկերում կուտակային հաշիվ բացել չեն կարող:
(33-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 08.06.09 ՀՕ-141-Ն)
ՀՈԴՎԱԾ 33.1.
ԳՐԱՆՑՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ
Սույն օրենքով սահմանված կարգով` Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող` Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշումը (հրամանը) Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ (հրամանով) անվավեր է ճանաչվում, եթե բանկը մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ սույն օրենքով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ բանկի ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական ստանալու նպատակով, կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ:
(33.1 -ին հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-253)