Հոդված 9. ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 9. ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁևԱԿԵՐՊՈՒՄԸ և ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
1. Գրավատունը յուրաքանչյուր վարկը տրամադրելիս (գույքն ի պահ ընդունելիս) ձևակերպում է գրավատոմս (անվանական պահպանական անդորրագիր) և վարկառուի (պահատուի) վճարների հաշվառման անձնական քարտ (այսուհետ` քարտ)` սույն օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան:
2. Գրավատունը վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանում է համապատասխան պայմանագիրը դադարելուց հետո` առնվազն երեք տարվա ընթացքում:
3. Վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը պահպանվում են գրավատան տարածքում` մետաղյա պահարանում կամ առանձին սենյակում, որտեղ կողմնակի անձանց մուտքը սահմանափակ է, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում:
4. Գրավատունը երաշխավորում է վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի գաղտնիությունը:
5. Գրավատունը տվյալ անձի վարկավորման վերաբերյալ փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկությունները տրամադրում է միայն`
ա) լիազոր մարմնին` ելնելով վերջինիս վերահսկողության լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից, ինչպես նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.
բ) դատարանին, քննիչին, դատախազին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով.
գ) վարկառուի կողմից լիազորված անձանց.
դ) նոտարական գրասենյակին` ժառանգության վերաբերյալ հարցերով.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-246-Ն)
Սույն մասում նշված մարմինները և անձինք օրենքով սահմանված կարգով պահպանում են իրենց տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը:
(9-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-20-Ն, լրաց., փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն, փոփ. 26.05.08 ՀՕ-92-Ն, 09.06.22 ՀՕ-211-Ն)