Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2017-12-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2017-12-23Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) անձնավորված հաշվառում՝ ըստ «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) անհատ ձեռնարկատեր՝ ըստ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.

3) անուիտետ` ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

4) աշխատավարձ՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև պայմանագրային եկամուտ (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը).

5) ապահովագրական ընկերություն՝ ըստ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

6) գործատու` Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ, օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկ, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, անհատ ձեռնարկատեր, հիմնարկ, տեղական ինքնակառավարման մարմին, ինչպես նաև նոտար, որն աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա կամ օրենքով սահմանված կարգով փաստացի օգտագործում է քաղաքացիների աշխատանքը (ծառայությունները)` նրանց վճարելով եկամուտներ.

7) գերավճար` մասնակցի կամ նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի կողմից կամուրջ հաշվին մուտքագրված՝ սոցիալական վճարի պարտավորությունը գերազանցող գումար.

8) երաշխիքային ֆոնդ` սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն ստեղծված ֆոնդ.

9) ինքնազբաղված անձ՝ օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող), ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատեր.

10) ծրագրային վճար՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո նրա անունով բացված կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման հաշվին ամսական կտրվածքով սահմանված կարգով տրամադրվող գումար.

11) կամուրջ հաշիվ՝ ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի միասնական գանձապետական հաշվում բացված ենթահաշիվ, որին մուտքագրվում են սոցիալական վճարները՝ մասնակիցների ռեեստրին փոխանցելու համար.

12) կենսաթոշակային գաղտնիք՝ կուտակային բաղադրիչին կամ կամավոր կենսաթոշակային բաղադրիչին անձի մասնակցության հետ կապված՝ գործատուին, պետական լիազոր մարմիններին, Կենտրոնական բանկին, մասնակիցների ռեեստրը վարողին, հաշվի օպերատորին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, պահառուին, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային հաշվի, անձի համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների, կամավոր կենսաթոշակային վճարների վերաբերյալ հայտնի դարձած որևէ տեղեկություն, անձի առևտրային, ապահովագրական, բանկային կամ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաև մասնակցի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը մասնակիցը մտադիր է եղել գաղտնի պահել, և գործատուն, պետական լիազոր մարմինները, Կենտրոնական բանկը, մասնակիցների ռեեստրը վարողը, հաշվի օպերատորը, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, պահառուն, ինչպես նաև երաշխիքային ֆոնդը կառավարող անձը տեղյակ են եղել կամ պարտավոր էին տեղյակ լինել այդ մասին.

13) կամավոր կենսաթոշակային վճար՝ կամավոր կենսաթոշակ ստանալու նպատակով մասնակցի և(կամ) այլ անձի կողմից մասնակցի համար (օգտին) կատարվող վճար.

14) կամավոր կենսաթոշակ՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

15) կենսաթոշակային հաշիվ՝ մասնակիցների ռեեստրը վարողի մոտ սոցիալական վճար կատարող կամ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերած անձի անունով բացված հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերը, ինչպես նաև տեղեկություններ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի քանակի, այդ փայերի հաշվարկային արժեքի, այդ փայերը ձեռք բերելու համար կատարված կուտակային հատկացումների վերաբերյալ, օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված այլ տեղեկություններ.

16) կենսաթոշակային տարիք՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիք.

17) կենսաթոշակային ֆոնդ՝ ֆոնդ, որի ակտիվները ձևավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից պարտադիր կարգով կատարվող կուտակային հատկացումների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդ) կամ կամավոր կենսաթոշակային վճարների (կամավոր կենսաթոշակային ֆոնդ) և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, ինչպես նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում.

18) կենսաթոշակային ֆոնդի ակտիվներ՝ տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման նպատակով կատարված կուտակային հատկացումների և կամավոր կենսաթոշակային վճարների, դրանց հաշվին ձեռք բերված ակտիվների և դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների հանրագումար.

19) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ.

20) Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

21) կուտակային հատկացում՝ սույն օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում, որը ձևավորվում է այդ սոցիալական վճարներից և սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից.

22) կուտակային կենսաթոշակ՝ կուտակային բաղադրիչի շրջանակներում սույն օրենքի 11-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն վճարվող կենսաթոշակ.

23) հաշվի օպերատոր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություն, որը միջնորդավորում է մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները.

24) հիմնական կենսաթոշակ` ըստ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

25) հանրային ծառայության համարանիշ՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համարանիշ.

26) հարկային գործակալ` ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

27) ձեռնարկատիրական եկամուտ` անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ.

28) մասնակից՝ սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճար կատարող (կատարած) անձ, որի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվել է կուտակային հատկացում, կամ որի համար (օգտին) կատարվում են կամավոր կենսաթոշակային վճարներ, կամ անձ, որն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր: Սույն օրենքի իմաստով՝ մասնակից չի հանդիսանում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը.

29) մասնակիցների ռեեստր` մասնակիցների և նրանց անունով բացված կենսաթոշակային հաշիվներում հաշվառվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տվյալների միասնական համակարգ: Մասնակիցների ռեեստրում առկա ամբողջ տեղեկատվությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը.

30) մասնակիցների ռեեստրը վարող՝ իրավաբանական անձ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրի հիման վրա վարում է մասնակիցների ռեեստրը, ինչպես նաև իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով նախատեսված այլ գործառույթներ.

31) նոտար՝ ըստ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

32) պահառու՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն իրականացնող անձ.

33) պայմանագրային եկամուտ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից ստացված եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի).

34) «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա` կամավոր կենսաթոշակային սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը խոստանում է մասնակցին հստակ չափով կենսաթոշակ, կամավոր կենսաթոշակային վճարները կախված են ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագրից և կարող են լինել ոչ կանոնավոր, իսկ կենսաթոշակի չափը ուղղակիորեն կախված չէ կատարված կամավոր կենսաթոշակային վճարների չափից և այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից.

35) «Սահմանված կենսաթոշակային վճար» սխեմա` կամավոր կենսաթոշակային սխեմա, որի դեպքում մասնակիցների համար կատարված կամավոր կենսաթոշակային վճարները հաշվարկվում են իրենց եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որևէ այլ կանոնավոր հիմքով, իսկ կենսաթոշակի չափը կախված է կատարված կամավոր կենսաթոշակային վճարներից և այդ վճարների ներդրումից ստացված եկամուտների չափից.

36) սոցիալական վճար՝ սույն օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար.

37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի և դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի կողմից` իրենց համար կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի գումար.

38) վարձու աշխատող` գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձ, այդ թվում` հանրային ծառայող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձ.

39) փոխկապակցված անձինք՝ ըստ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Սույն օրենքում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իմաստով, եթե սույն օրենքի դրույթներից չի բխում դրանց օգտագործման այլ իմաստ:

(2-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-258-Ն, 01.03.17 ՀՕ-71-Ն)

(2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 11-րդ, 37-րդ կետերը 24.11.15 ՀՕ-166-Ն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների խմբագրությամբ և փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.2018 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։