Հոդված 40. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը
Հոդված 40. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարները և պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները և կատարվող ծախսերը
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման համար պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձում է վճար (կառավարչի պարգևավճար)՝ սույն օրենքի 42-րդ հոդվածում նշված չափով:
Բացի սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պարգևավճարից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող է կատարել նաև տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման և կենսաթոշակային ֆոնդի աուդիտի հետ կապված ծախսերը, որոնց կազմը և առավելագույն չափը սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից, բացի սույն օրենքով սահմանված վճարներից և ծախսերից, այլ նվազեցումներն արգելված են:
2. Կենսաթոշակային ֆոնդի կանոններով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, կարող է սահմանվել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճարը չի կարող գերազանցել մարվող փայերի հաշվարկային արժեքի մեկ տոկոսը, բացառությամբ սույն օրենքի 58-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
3. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման վճար չի գանձվում սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակի անցնելիս կուտակված միջոցները անուիտետի, ծրագրային վճարի կամ միանվագ վճարի տեսքով ստանալու, ինչպես նաև հետևյալ դեպքերում.
1) մասնակցի կողմից իր կենսաթոշակային ֆոնդի փայերը նույն կառավարչի այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում.
2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքերով կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դեպքում.
3) մասնակցի կողմից տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու դեպքում, բացառությամբ այն ֆոնդի փայերի փոխանակման դեպքերի, որի փայերը (դրանց մի մասը) ձեռք են բերվել վերջին 12 ամիսների ընթացքում տեղի ունեցած փայերի փոխանակման արդյունքում: Ընդ որում, սույն կետի իմաստով`
ա. առաջին անգամ փոխանակում է համարվում նաև տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը 12 ամսվա ընթացքում մեկից ավելի կենսաթոշակային ֆոնդերի փայերով փոխանակումը, եթե այդ փոխանակման գործարքների համար սույն օրենքով նախատեսված փոխանակման դիմումը (դիմումները) մասնակիցների ռեեստրը վարողին է (են) ներկայացվել նույն օրվա ընթացքում,
բ. կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման հաշվարկում չեն ներառվում միևնույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի փայերի փոխանակման գործարքները.
4) սույն օրենքի համաձայն` անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո սույն օրենքի 33-րդ կամ 34-րդ հոդվածով սահմանված կարգով մասնակցի (մասնակցի համար) առաջին անգամ ընտրած կենսաթոշակային ֆոնդի փայերի առաջին անգամ փոխանակման դեպքում.
5) ժառանգի կողմից, սույն օրենքի 12-րդ գլխի համաձայն, ժառանգված յուրաքանչյուր ֆոնդի փայերի առաջին փոխանակման գործարքի դեպքում.
6) կենսաթոշակային ֆոնդի դադարեցման դեպքում մասնակցի ակտիվների հաշվին այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելիս:
(40-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-71-Ն)