Հոդված 21. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը, դրանց հաշվառումը
Հոդված 21. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերը, դրանց հաշվառումը
(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)
1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է սույն օրենքով և Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա պետություններում բացել մասնաճյուղեր, որոնք կարող են գործել Կենտրոնական բանկում հաշվառման պահից: Օտարերկրյա պետություններում վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերը ստեղծվում են տվյալ պետության օրենսդրությանը և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղերի հաշվառման կարգը, հաշվառման համար պահանջվող տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի հաշվառման դիմումը Կենտրոնական բանկի խորհուրդը բավարարում կամ մերժում է մեկամսյա ժամկետում: Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը և տալիս է հաշվառման վկայական, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է վճարահաշվարկային կազմակերպությանը:
4. Կենտրոնական բանկը կարող է մերժել մասնաճյուղի հաշվառման դիմումը, եթե`
ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.
բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին.
գ) դիմումի տրմանը նախորդող մեկտարյա ժամկետում, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածում վճարահաշվարկային կազմակերպությունը թույլ է տվել սույն օրենքի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի երեք և ավելի խախտումներ.
դ) վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գործունեության վայրը կամ պայմանները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
5. Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը հաշվառումից հանվում է`
ա) վճարահաշվարկային կազմակերպության դիմումի հիման վրա` դիմումի տրման պահից մեկշաբաթյա ժամկետում.
բ) վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում:
(21-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-131-Ն)