Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հոդված 8. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 8. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվության տրամադրումը

1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար բանկերը, այլ կազմակերպություններ, որոնք իրավասու մարմնի տված լիցենզիայի հիման վրա իրավունք ունեն մատուցելու վճարահաշվարկային ծառայություններ (այսուհետ` դիմորդ), Կենտրոնական բանկ են ներկայացնում`

ա) թույլտվություն ստանալու միջնորդագիրը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.

բ) մասնակցության տնտեսական հիմնավորումը.

գ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության ընդհանուր նկարագրությունը (համակարգի գործունեության նպատակը, աշխարհագրությունը, մասնակիցները, կիրառվող վճարային գործիքները, իրականացվող գործառնությունների տեսակները).

դ) դիմորդի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք, որն առնվազն պարունակում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.

ե) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագիրը կամ կնքվելիք պայմանագրի նախագիծը.

զ) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության հնարավոր ռիսկերի գնահատումը պարունակող տեղեկանք` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով.

է) Կենտրոնական բանկի սահմանած այլ փաստաթղթեր:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված տեղեկանքը կարող է չպարունակել այն տեղեկությունները, որոնք արդեն իսկ ներառված են սույն հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված պայմանագրում կամ պայմանագրի նախագծում կամ Կենտրոնական բանկ ներկայացված այլ փաստաթղթերում:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր փաստաթղթերը ստանալու պահից երկամսյա ժամկետում տալիս է արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում դիմորդի մասնակցության թույլտվությունը կամ մերժում է թույլտվության տրամադրումը:

Սույն մասով նախատեսված երկամսյա ժամկետը որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել մինչև մեկ ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից երկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ երկամսյա ժամկետը կասեցնելու մասին դիմորդին չտեղեկացնելու դեպքում թույլտվությունը համարվում է տրված:

3. (մասն ուժը կորցրել է 14.04.11 ՀՕ-131-Ն)

4. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում որոշակի տեսակի փոփոխության դեպքերում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի մասնակիցը պարտավոր է առնվազն եռամսյա ժամկետում տեղեկացնել այդ մասին Կենտրոնական բանկին: Սույն մասով նախատեսված փոփոխությունների ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը, եթե համակարգի գործունեության կանոնների կամ համակարգի օպերատորի և հայաստանյան մասնակցի միջև հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխության կամ այլ հանգամանքների ի հայտ գալու հետևանքով Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած ուղեցույցի համաձայն կարող է վտանգվել Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:

5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունն ստանալու համար դիմորդը Կենտրոնական բանկ է ներկայացնում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ձևով չափանիշների վերաբերյալ տեղեկանք, միջնորդագիր` վճարահաշվարկային համակարգում մասնակցելու մասին, և սույն հոդվածի 1-ին մասի «դ», «ե» և «է» կետերով սահմանված փաստաթղթերը: Փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրելու պահից քսան օր հետո թույլտվությունը համարվում է տրված, եթե Կենտրոնական բանկն այդ ժամկետում չի տեղեկացնում դիմորդին սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու կամ ներկայացված տեղեկությունները թերի լինելու մասին:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.04.11 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։