Հոդված 18. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 18. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ և ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա) ձեռնարկատիրության զարգացման և սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումն ու խրախուսումը.
բ) բարեխիղճ և ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը.
գ) հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը և նախազգուշացումը.
դ) տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
2. Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները`
- վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ.
- քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը և ընդունում է որոշումներ.
- վարում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրը (գրանցամատյանը).
- դիմում է դատարան` տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ.
- մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը և այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և դրանց սահմանված կարգով ներկայացմանը.
- մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը.
- համագործակցում է օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ.
- մշակում և իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ.
- ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.
- ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը, հրատարակում է տեղեկագիր.
- կատարում է հրապարակային բացատրական աշխատանք` սույն օրենքի դրույթներով սահմանված պատասխանատվության մասին հասարակությանն իրազեկ դարձնելու նպատակով.
- իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն)