Հոդված 43. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ՏՈՒՅԺԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 43. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ՏՈՒՅԺԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:
2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:
5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:
Բացառիկ դեպքերում սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով կարող են հանվել մեկից ավելի կարգապահական տույժերը:
6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` Ոստիկանության պետը:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:
Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է Լիազոր մարմնի ղեկավարին, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին:
7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:
8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:
9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է աշխատավարձ:
(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-169-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 25.03.21 ՀՕ-133-Ն, փոփ., խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(հոդվածի 25.02.20 ՍԴՈ-1507 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 25.03.21 ՀՕ-133-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)