Հոդված 11. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
1.1 Ոստիկանությունում քննիչի, ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, բաժանմունքի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժնի պետի, վարչության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոններին կարող են նշանակվել սույն հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:
2. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին,
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
4) ով դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.
6) ով չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:
(11-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն)