Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
2.1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում.
7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.
9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.
10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.
11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:
11.1) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.
11.2) ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների.
12) մահվան դեպքում:
(պարբերությունն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-169-Ն)
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:
1.1. Պետական կառավարման մարմնի ղեկավարն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել, կամ քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով:
2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը:
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-143-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն)