Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը
Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը
1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:
4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ, և համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև մինչև տվյալ առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելը: Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:
(25-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-3-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն, խմբ. 17.01.23 ՀՕ-3-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-244-Ն)
(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)