Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-21-ից մինչև 2025-11-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Պետական ուսումնական հաստատության տնօրենը, համակարգողը և նրանց իրավասությունները

գործել է մինչև 2025-11-29Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պետական ուսումնական հաստատության տնօրենը, համակարգողը և նրանց իրավասությունները

(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը և համակարգողը նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (այսուհետ նաև՝ հավաստագիր) ստացած անձը։

3. Հավաստագրի համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում գիտամանկավարժական կամ մանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հավաստագրի համար կարող է դիմել սույն հոդվածի 25-րդ մասով սահմանված սահմանափակումներ չունեցող անձը:

4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ.

3) քննություն՝ թեստավորման միջոցով.

4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում։

5. Քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, հավաստագրի դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

6. Սահմանված կարգով քննություն հանձնած և անցողիկ շեմը հաղթահարած անձը համարվում է հավաստագրված։

7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։

8. Հավաստագիր ստացած անձը հավաստագիրն ստանալու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, կարող է մասնակցել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին։

9. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնավարման ընթացքում հավաստագիրը շարունակում է գործել, բացառությամբ սույն օրենքով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված հավաստագրի գործողության դադարեցման դեպքերի:

10. Պաշտոնավարման ընթացքում հավաստագրի դադարեցման հիմքով աշխատանքից ազատված անձը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին դիմելու համար հավաստագրվում է։

11. Հավաստագրի գործողության սահմանված կարգով դադարեցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է:

12. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթը հայտարարում է համապատասխան լիազոր մարմինը: Հավակնորդների ընտրության նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը ձևավորում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է լիազոր մարմնի կողմից տնօրենի նշանակման համար:

13. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հավակնորդը լիազոր մարմին է ներկայացնում`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման իր կազմած ծրագիրը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում նշանակված տնօրենի համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով կարող է սահմանվել փորձաշրջան (փորձաշրջանի համար նշանակվում է ղեկավար), որի ավարտին տնօրենն իր կազմած զարգացման ծրագրի կատարողական հաշվետվությունը ներկայացնում է մասնագիտական հանձնաժողով և խորհուրդ: Մասնագիտական հանձնաժողովի, խորհրդի, ինչպես նաև փորձաշրջանի ղեկավարի ներկայացրած դրական եզրակացությունը հիմք է տնօրենի հետագա պաշտոնավարման համար:

15. Պաշտոնավարման ընթացքում պետական ուսումնական հաստատության տնօրենը դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անցնում է ատեստավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով։ Չատեստավորվելու դեպքում տնօրենի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները:

16. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզրակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարով:

17. Աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգելու օրվանից հաշված՝ մեկ ամսվա ընթացքում, տնօրենը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զարգացման իր ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

18. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության հիման վրա տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է, և հավաստագրի գործողությունը դադարեցվում է:

19. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության հիման վրա տվյալ անձը ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար կարող է դիմել միայն, սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն, հավաստագրի համար սահմանված կարգով քննություն հանձնելու և հավաստագիր ստանալու դեպքում։

20. Տնօրենը՝

1) խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման իր կազմած ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը.

2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆիկացիան.

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում է հաստատությունում անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված անվանացանկին համապատասխան.

4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ կարիքները ներկայացնում է համակարգողին պահանջվող ծախսերը գնահատելու, նախահաշիվ կազմելու և լիազոր մարմնին տրամադրելու համար.

5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստատության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքականոնների պահպանման նկատմամբ.

6) խորհրդի հավանությանն է ներկայացնում դպրոցական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը.

7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները.

8) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին.

9) աջակցում է դպրոցի խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

10) նախարարության հաստատած՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը, դպրոցի կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոնները.

11) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնների անվանացանկի և նկարագրի` անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական այլ աշխատողների, հոգեբանի, մանկավարժահոգեբանական աշխատողների, դպրոցի էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի, իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը: Կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրեր, բաշխում աշխատանքը.

12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները.

13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները.

14) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական և կամավոր ատեստավորումներին, իրականացնում ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, ատեստավորումից հետո դիտարկում է ուսուցչի յուրացրած գիտելիքների և կարողությունների կիրառումը ուսումնական գործընթացում.

16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում.

17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, դպրոցի աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

18) ապահովում է պարտադիր և արտադասարանական խմբակների, ուսումնական լաբորատորիաների բնականոն գործունեությունը.

19) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և պատասխանատվություն է կրում կրթության որակի և բովանդակության համար.

20) ապահովում է լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

21) ապահովում է դպրոցում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ.

22) ապահովում է դպրոցում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը.

23) սահմանված կարգով ձևավորում է դպրոցի սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիալական պաշտպանվածության ապահովման ուղղությամբ, ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

24) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած և կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների հայտնաբերման և դպրոց ուղղորդման կամ վերաուղղորդման աշխատանքները, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է սովորողի հաշվառման հասցեի խնամակալության և հոգաբարձության մարմնին.

25) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր.

26) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

27) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Պետական ուսումնական հաստատության տնօրենը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 16-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի և խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ մանկավարժական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, սովորողների և աշխատողների կյանքի, առողջության պահպանման համար:

22. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ կամ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

23. Պետական ուսումնական հաստատության համակարգողը՝

1) լիազոր մարմին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, տնօրենի հետ քննարկելուց հետո կազմված՝ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը.

2) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում է վարչատնտեսական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անվանացանկին համապատասխան.

3) գնահատում է տնօրենի տրամադրած՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով անհրաժեշտ կարիքների համար պահանջվող ծախսերը, կազմում է նախահաշիվը և ներկայացնում լիազոր մարմին.

4) ապահովում է գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման աշխատանքները, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակման դեպքում՝ ընդունման-հանձնման գործընթացը, մատուցվող ծառայությունների որակյալ կազմակերպումը.

5) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ կնքում և լուծում է վարչատնտեսական աշխատողների աշխատանքային պայմանագրերը.

6) ապահովում է պարտադիր և արտադասարանական խմբակների, ուսումնական լաբորատորիաների բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները.

7) ապահովում է անհրաժեշտ պայմաններ ուսումնական պլանին համապատասխան կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.

8) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը.

9) ապահովում է հաշվապահական հաշվառման իրականացումը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, իսկ գործառույթի արտապատվիրակման դեպքում՝ վերահսկում դրա կատարման որակը.

10) ապահովում է դպրոցում գործածության ենթակա վարչատնտեսական գործառույթներին վերաբերող փաստաթղթերի վարումը և պահպանումը.

11) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում, բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է լիազորագրեր.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

13) օրենքով և դպրոցի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

14) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին, ինչպես նաև խորհուրդ է ներկայացնում ամենամյա հաշվետվություն սույն մասով սահմանված գործառույթների կատարման մասին.

15) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.

16) ապահովում է լիազորված մարմնի՝ օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

17) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցում է վերապատրաստումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

18) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

24. Պետական ուսումնական հաստատության համակարգողը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձանագրած՝ սույն հոդվածի 19-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի, խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ անվտանգության տեխնիկայի ապահովման, վարչատնտեսական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև սովորողների և աշխատողների կյանքի, առողջության և ուսումնական հաստատության սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

25. Պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.

6) որը քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է:

26. Տնօրենը և համակարգողը պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։

27. Նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) կապված անձինք:

(12-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 06.03.20 ՀՕ-101-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-188-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ., խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն, խմբ. 24.10.24 ՀՕ-387-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։