Հոդված 17. Ուսումնական գործընթացի կազմակերպումը
Հոդված 17. Ուսումնական գործընթացի կազմակերպումը
1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:
2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի և նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման արդյունքի: Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:
Պետական ուսումնական հաստատության դասարանի կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշիչով:
Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:
4. Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցում իրականացվում է ներառական կրթության սկզբունքով:
6. Ուսումնական հաստատություններում գործածվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով փորձաքննություն անցած և երաշխավորված դասագրքեր և ձեռնարկներ` ուսումնական հաստատության ընտրությամբ:
7. Ուսումնական հաստատությունը կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սովորողների, նրանց ծնողների, մանկավարժական աշխատողների և տվյալ ուսումնական հաստատությունում կրթական գործընթացին մասնակից այլ անձանց համար ապահովում է կրթությանն օժանդակող խորհրդատվական ծառայություններ` տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլն: Մասնագիտացված կրթական աջակցության ձևերի կազմակերպման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: