Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հանրակրթություն` անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց, որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական և լրացուցիչ ծրագրերով.
2) տարրական կրթություն՝ պարտադիր կրթության առաջին մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանը.
3) հիմնական կրթություն` պարտադիր կրթության երկրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին և երկրորդ աստիճանները.
4) միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները.
5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը.
6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.
7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն)` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր(եր).
8) հանրակրթական դպրոց` մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.
9) մասնագիտացված հանրակրթական դպրոց` ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստի կամ գիտության որևէ բնագավառում հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.
10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորող սովորողների համար հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տեսակ.
11) բազմահամակազմ դասարան` տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ.
12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող ուսումնական հաստատության աշխատակից.
13) ուսուցիչ` ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատող.
14) ուսուցչի ատեստավորում` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին, որակավորման տարակարգի բնութագրիչներին համապատասխանության որոշման գործընթաց.
15) դասագրքի փորձաքննություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով հանրակրթության պետական չափորոշիչներին դասագրքի համապատասխանության գնահատման գործընթաց:
(3-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն)