Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-11-19-ից մինչև 2012-03-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը

գործել է մինչև 2012-03-17Բացել ARLIS-ում

Հոդված 16. Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը

1. Սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պետական ուսումնական հաստատությունների համար պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

3. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ արգելվում է գիտելիքների ստուգումը:

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է` համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության:

5. Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատություն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը՝ օրենքով սահմանված կարգով:

6. Ուսումնական հաստատությունը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատություն:

7. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

8. Ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելը և ազատելը կատարվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած կարգով հետևյալ դեպքերում.

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

9. Ոչ պետական ուսումնական հաստատությունում, մասնագիտացված հանրակրթական դպրոցում կամ այլընտրանքային ծրագրում ընդգրկված սովորողի ազատումը կամ այլ ուսումնական հաստատություն տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:

11. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը որոշվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան կարգի հետևյալ դեպքերում`

1) միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կողմից.

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Սույն մասով սահմանված դեպքերում դրական որոշում ստացած սովորողը հանձնում է քննություն՝ ուսումնական պլանով նախատեսված հինգ առարկաներից, ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Քննությունից անբավարար ստանալու, փոխադրման մասին որոշում չընդունվելու կամ 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը:

(16-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.04.11 ՀՕ-128-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։