Հոդված 6. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը
Հոդված 6. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի կառուցվածքը
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)
1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է սույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները:
2. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելիս արտաժամյա և գիշերային աշխատանքների համար տրվող հավելումները հաշվարկվում են ֆինանսական տարվա կտրվածքով` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ աշխատավարձի հաշվարկում չեն ներառվում բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող հավելումները:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ:
6. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից: (նախադասությունը հանվել է 14.11.19 ՀՕ-250-Ն)
(6-րդ հոդվածը փոփ. 11.06.14 ՀՕ-57-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-209-Ն, փոփ. 14.11.19 ՀՕ-250-Ն)