Հոդված 3
Հոդված 3.
2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:
1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:
Եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման՝ դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:
Մահապատժի վերացման վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն:
Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:
Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան պատժից ազատվող անձանց, ինչպես նաև նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:
2003 թվականի օգոստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:
1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը՝ դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում է մինչև Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան: